Հունիսի 15-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 6,5 %: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Հաղորդագրությունում նշվում է, որ ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5 %։
Մայիսի 4-ին Կենտրոնական բանկը կրկին 0,5 տոկոսային կետով բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր նաև 2021-ի փետրվարի 2-ին և 2020-ի դեկտեմբերի 15-ին, համապատասխանաբար, 1 և 0,25 տոկոսային կետերով։ Այդկերպ՝ տոկոսադրույքը բարձրացնելով, կենտրոնական դրամատուն փորձում է զսպել գնաճը։
Մինչ 2020-ի դեկտեմբերի 15-ը, վերջին երեք տարում Կենտրոնական բանկը մշտապես նվազեցնում էր վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում: