Կենտրոնական բանկը վերանայել է 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը՝ հասցնելով 4,6 %-ի

Կենտրոնական բանկը հունիսի 15-ին վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը․ 2021-ի տնտեսական աճն այժմ գնահատում է 4,6 %։ ԿԲ-ի մարտի 16-ի կանխատեսման համաձայն՝ 2021–ի տնտեսական աճը գնահատվել էր 1,4 %։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ կանխատեսման վերանայման վրա հիմնականում ազդել են ծառայությունների և արդյունաբերության ոլորտում աշխուժությունը։

«Հիմնականում պայմանավորված է ծառայությունների աճով՝ 1,2 %-ից 6,1 % է վերանայվել: Ծառայությունների հետ կապված տեսնում ենք տուրիզմի որոշակի ակտիվացում, արտաքին հատվածից էլ նաև որոշակի ազդակներ ենք ստանում, որ տարին ավելի դրական է լինում, քան նախկինում կանխատեսում էինք։ Եվ արդյունաբերության աճն է՝ 0,7 %-ից` 4,5 տոկոս, որը հիմնականում պայմանավորված է հանքահումքային ապրանքների գների բարձր աճով, բնականաբար, նաև արտահանման և արդյունահանման ծավալների ավելի մեծ լինելով»,- նշել է Գալստյանը։

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2021-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 3,4 %։

Հայաստանի 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծով տնտեսական աճը գնահատվում է 3,2 տոկոս։ Իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս տարվա համար խոստանում է երկնիշ տնտեսական աճ։