Սխալվե՞լ է արդյոք ժողովուրդը 2018-ին․ հարցեր հեղափոխությունից երեք տարի անց

Կարեն Հարությունյան

Հեղափոխությունից երեք տարի անց, աղետալի պատերազմի ավարտից յոթ ամիս անց և հունիսի 20-ի ընտրությունից առաջ բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները պիտի հուշեն, թե ինչում սխալվեց ժողովուրդը (կամ սխալվեց արդյոք) և ինչ(եր)ում սխալվեց իշխանությունը անցած երեք տարիներին։

Պատերազմի խորքային պատճառները հասկանալու համար գործընկերներիս պատրաստած հարցաշար-զեկույցը կհրապարակվի շուտով։ Դրան չեմ անդրադառնա այստեղ։

Սխալվե՞ց արդյոք ժողովուրդը 2018-ին

2018-ի գարնանը ժողովուրդը մերժեց Սերժին։ Նիկոլն ընդամենը Սերժին մերժելու կողմնակի հետևանքն էր (побочный эффект)։ Այլ հարց, որ նա միանգամայն կարող էր լինել արդյունք, ոչ թե հետևանք՝ լեգիտիմության իր սկզբնական ահռելի պաշարով։

2015-ին Սերժ Սարգսյանի հագով կարված սահմանադրության անցկացումը, 2017-ին համատարած ընտրակաշառքով տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ու վերջապես իր ժամկետի ավարտից հետո այլևս երբեք երկրի ղեկավարի պաշտոնին չհավակնելու Սարգսյանի հրապարակային խոստման դրժումը վերջին դրվագն էր, որ պետք է փլուզեր տարիներով կուտակված անարդարության ու դժգոհությունների ամբարտակը։

Ժողովուրդը մերժում էր հնի վատը՝ նորի լավի հույսով։ Բայց մի՞թե հնում ամեն ինչն էր վատ ու մերժելի։ Փաշինյանն ու նրա թիմը չհասկացան սա, նրանց համակեց «աննախադեպի» բարդույթը։ Այդպես էլ փորձ չարվեց գնահատական տալու անցյալին։

Կա՞ր արդյոք կախարդական փայտիկ

Հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «այո՛, կախարդական փայտիկ կա»։ Հանրության բացարձակ վստահության պայմաններում նա իսկապես ուներ այդ կախարդական փայտիկը, կարող էր սարեր շուռ տալ, ձևավորել ձեռնհաս թիմ, լուծել ամենաբարդ հարցերը, անել ամենաժդվար բարեփոխումները։

Սակայն փոխանակ մարդկանց բացատրելու նրանց համար ոչ հաճելի քայլերի անհրաժեշտությունը՝ ամեն վայրկյան տուրք տվեց հեշտասիրությանը, պետական քաղաքականությունը իջեցրեց ֆեյսբուքյան ամենօրյա լայվի մակարդակի, ավելի կարևոր համարեց (իր կուսակցի խոսքով) «պողոսներին» հաճոյանալը, քան թե կրթելը (և ինքնակրթվելը)։ Նա չկարողացավ դեն նետել ընդդիմադիր գործչի պատմուճանը և վերաճել պետական գործչի՝ պատասխանատվության բեռի հստակ գիտակցումով։

Փաշինյանը որևէ ոլորտի վերաբերյալ չներկայացրեց իրական (թեկուզ հավակնոտ) ծրագիր։ Փոխարենը շարունակեց ամբոխահաճությունը՝ Հայաստանը պետք է ունենա հինգ միլիոն բնակչություն, ստեղծի 1,5 միլիոն աշխատատեղ, քսանապատկի ՀՆԱ-ն, տնկի տասը միլիոն ծառ (մեկ ամսում!), դառնա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, ունենա շախմատի աշխարհի անհատական չեմպիոն (Արոնյանի ականջը խուլ), մեկ շնչի հաշվով ունենա աշխարհի ամենամարտունակ բանակը և այդպես շարունակ։ Ոչ մի հաշվարկ։ Գործողությունների ոչ մի ծրագիր։

Կոռուպցիայի ուրվականն այդպես էլ թույլ չտվեց, որ սովորական չինովնիկից մինչև բարձրաստիճան պաշտոնյա ստանձնեն որոշում ընդունելու պատասխանատվությունը։ Մի՞թե կա երկիրը առաջ տանելու այլ տարբերակ։

Վենդետա չեղա՞վ

Հեղափոխության օրերին Փաշինյանը հայտարարում էր՝ վենդետա չի լինելու։ Սակայն նրա երեք տարիների գործունեության մեծագույն մասը անցյալի հաշիվների մաքրում էր։ Քոչարյանի նկատմամբ ատելությունը նա դարձրեց երկրի ներքին ու արտաքին օրակարգի գլխավոր հարց՝ այդ ճանապարհին չխորշելով անգամ փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակից երկրի հետ (որից հիմա ծեծված երեխայի նման օգնության է սպասում)։

Անորակ սարքված քրեական գործով, դատաիրավական անկատար համակարգով ու իշխանությունների տարանջատման սկզբունքի ակնդետ ոտնահարումներով նա երկրի արդարադատության համակարգը բարեփոխելու փոխարեն չարեփոխեց այն։

Կոռուպցիան վերացնելու սկզբնական վճռականությունն այդպես էլ չվերաճեց կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի և մնաց շոուների մակարդակում։ Սպառնալը, բռնելը, ասֆալտին փռելը, հետո բաց թողնելը դարձավ առօրյայի մաս։ ԱԱԾ-ն ու իրավապահ մարմինները դարձան բեմականացված ստուգումների գլխավոր դերասանները։

Նախկինների դեմ նման մեթոդներով պայքարելով՝ Փաշինյանն ի վերջո վերակենդանացրեց ու քաղաքական լեգիտիմություն տվեց նրանց՝ ըստ էության ինքն իրեն նետելով անցյալի թակարդը։

Դաժանորեն, առնվազն այս ընտրության ընթացքում դուռը փակ է քաղաքական նոր ուժերի երևան գալու համար։ Նրանց համար այդպես էլ չի բացվել այն ասպարեզը, որը կարող էր լինել նոր Հայաստանի այցեքարտը։

Ղարաբաղ

«Արցախը Հայաստան է և վերջ», «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք», «ես բանակցությունները սկսել եմ իմ սեփական կետից», «երբ տեսնեմ, որ կա [Ղարաբաղի խնդրի լուծման] տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ [Հանրապետության հրապարակում], բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ»․ Փաշինյանի այս ու բազմաթիվ այլ հայտարարություններ վկայում էին, որ նա չի գիտակցում Ղարաբաղյան խնդրի խորքը և գոյութենական նշանակությունը հայ ժողովրդի համար։

Ստացանք պատերազմ, հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ, կորսված տարածքներ, խոցվող սահմաններ, բարոյալքված հասարակություն, սասանված բանակ, թուլացած պետականություն․․․ ու այս ամենի կողքին երկիրը աղետին հասցնելու պատասխանատվության ու մեղքի զրո գիտակցում։

Ինչպես է քաղաքական այս ուժը (և ոչ միայն) տեսնում Ղարաբաղի հարցի լուծումը, Հայաստանի անվտանգության հարցը, պետական խաթարված ինստիտուտների վերականգնումն ու շատ այլ հարցեր նախընտրական քարոզարշավի ժամանակ երկրորդական, նույնիսկ երրորդական են։

2018-ի փողոցն ու հիմա-ն

2018-ի փողոցն ու հրապարակը բոլորովին այլ որակի էին, ինչ այսօրվա փողոցն ու միայնակ մնացած Քաղաքացիական պայմանագրի ընտրազանգվածը։ Երեք տարի առաջ հասարակության սերուցքն էր փոփոխության առաջամարտիկը։ Եվ այդ փոփոխությունը օդից չեկավ․ դրան նախորդել էր քաղաքացիական շարժումների ու ընդվզումների ամբողջ շարք՝ Մաշտոցի այգուց մինչև «Էլեկտրիկ Երևան» ու սահմանադրական փոփոխությունների ՈՉ-ի շարժում։

Փոփոխության համար պայքարող գիտակից հանրությանը միացավ նախկինում քաղաքականապես ոչ ակտիվ հատվածը։ Նաև այն հատվածը, որ տարիներ շարունակ հինգ-տասը հազար դրամով «ընտրության» էր մասնակցել։

Սակայն Փաշինյանն այժմ իրենից վանել է քաղաքացուն, մտածող մարդուն։

Հարցեր, որ հնչում են հետահայաց

«Դուք մեղավոր եք, որ սրան աջակցեցիք երեք տարի առաջ», «չէի՞ք տեսնում, որ ադեկվատ չի, ո՞նց կարող էիք թույլ տալ՝ գա իշխանության», «պարզ չէ՞ր, որ գալիս ա Ղարաբաղը հանձնելու», «հեղափոխությունը արեցին, որ պետությունը քանդեն»․ իմ ընկերների ու մերձավորների հետ շփումներում հատկապես պատերազմում մեր պարտությունից հետո այս կարգի պնդում-բողոք-մեղադրանքները հաճախ են հնչում։

Այս հարցերից յուրաքանչյուրին կարելի է շատ երկար պատասխանել։ Մեկ նախադասությամբ՝ 2018-ի շարժումը կորսված շատ մեծ հնարավորություն էր, և դավադրապաշտությունը մեզ թույլ չի տալու հասկանալ ու ախտորոշել մեր իրական խնդիրները ապագայում դրանց կրկնությունից ու նոր աղետներից խուսափելու համար։

Հիմնական բանը, որ կարելի է ասել հեղափոխությունից երեք տարի անց, այն է, որ Նիկոլը հայտնվեց ճիշտ ժամանակին, բայց սխալ տեղում։ Նա հնարավորություն ուներ իրատեսորեն նայելու երկրին, միջավայրին, մարդկանց, խնդիրներին, քարտեզին ու 2018-ի զարթոնքն ու խանդավառությունը վերածել թռիչքի։ Թե ինչու չարեց կամ չկարողացավ անել, քննարկման այլ թեմա է։

Մեկնաբանել