18-20 տարեկան զինվորներին պետք է հանել առաջնագծից և տեղակայել պայմանագրայիններ․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացնում է կուսակցության՝ անվտանգության վերաբերյալ ծրագրային դրույթները։

«Անվտանգությունն ապահովելու համար առաջին հերթին պետք է վերականգնենք ներքին համերաշխությունը, որից հետո պետք է նոր տեխնոլոգիաներով կահավորենք շուրջ 540 կմ նոր սահմանը, որը որևէ ձևով կահավորված չէ։ Եվ 18-20 տարեկան զինվորներին հանենք առաջնագծից, որտեղ տեղակայելու ենք պայմանագրային զինծառայողներ»,- նշել է նա։

Մարուքյանի խոսքով՝ ամբողջ սահմանը պետք է հսկվի նոր տեխնոլոգիաներով․ «Այսինքն, պետք չէ ամբողջ 540 կմ-ի ամեն մետրի վրա զինվորներ տեղակայել, նոր տեխնոլոգիաներով պետք է հսկել»։

ԼՀԿ ղեկավարի կարծիքով՝ պետք է արդիականացնել զինված ուժերը, բայց անվտանգության առումով ամենակարևորը «արտաքին դիվանագիտական ճակատն ամրացնելն է»։

«Օրհասական է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ռեստարտը։ Խումբը չի գործում պատերազմից հետո»,- ասել է Էդմոն Մարուքյանը։

Մեկնաբանել