Գիտաշխատողները, մանկավարժներն ու բուժաշխատողները՝ նախընտրական ցուցակներում

Գևորգ Թոսունյան

Ազգային ժողովի պատգամավոր դառնալու հավակնություն ունի 2 528 թեկնածու։ Նրանցից 830-ը գործազուրկ են։ «Հայոց արծիվներ» կուսակցության ինքնաբացարկից հետո ամենաշատ գործազուրկները Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունում են՝ 45 հոգի։ Այս կուսակցությունը հայտնի է իր վարչապետի թեկնածուով՝ Տիգրան Արզաքանցյանցով, որին ավելի ուշ ԿԸՀ-ն հանեց ցուցակից։ Ամենաքիչ գործազուրկները «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում են։

Բոլոր թեկնածուներից 99-ը գիտության ոլորտից են՝ ակադեմիաների ներկայացուցիչներ, դասախոսներ, բուհերի այլ աշխատակիցներ, այսինքն՝ գիտության ոլորտի ներկայացուցիչները թիվը բոլոր թեկնածուների ցանկի 4 տոկոսն է ընդամենը կազմում։ Այս ոլորտից ամենաշատ ներկայացուցիչներն ունի «Հայաստան» դաշինքը՝ 13 թեկնածու, այնուհետև «Պատիվ ունեմ»-ը՝ 11 անձ և «Ինքնիշխան Հայաստան»-ը՝ 8 թեկնածու։ Մեկական գիտաշխատող կա «Համահայկական ազգային պետականություն» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ցուցակում։

Բոլոր ցուցակներում կա 120 մանկավարժ թեկնածու։ Ամենաշատ ուսուցիչները «Պատիվ ունեմ»-ում են և «5165 շարժում»-ում՝ 13 անձ։ Մեկական մանկավարժ կա Հայ ազգային կոնգրես, «Քաղաքացու որոշում», Զարթոնք և Հայոց հայրենիք կուսակցությունների ցուցակներում։

Բուժաշխատողները շատ են «Հայաստան» դաշինքում՝ 7 հոգի, ընդհանուր բոլոր թեկնածուներից 30-ն են բուժաշխատողներ։ «Հայաստան» դաշինքից հետո գալիս է «Պատիվ ունեմ»-ը՝ 4 բուժաշխատող, ապա երեքական բուժաշխատող կա «Վերելք» կուսակցության և «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ցուցակում։

Ի դեպ, «Հայաստան» դաշինքում շատ են գործարարները, «Զարթոնք» կուսակցության ցուցակում 92 հոգուց 46-ը փաստաբաններ են, թերևս պայմանավորված այն հանգամանքով, որ այս կուսակցութունը ստեղծել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի գերակշիռ մասը պետական աշխատողներ են։ 

Loading...

Loading…