«Քաղաքացիական պայմանագիրը» 500 հազար դրամ է խոստանում ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար յուրաքանչյուր քաղաքացու խոստանում է 500 հազար դրամ պարգև։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, քարոզարշավի շրջանակում Ջերմուկում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ընտրակաշառք բաժանելու փորձի համար արդեն 5 հոգի կալանավորված է, ևս 10 հոգի ներգրավվել են որպես մեղադրյալ, սակայն նրանց նկատմամբ այլ խափանման միջոց է ընտրվել։ Եվս 40 անձ ընտրակաշառք տալու համար կասկածյալի կարգավիճակում է։

«Այսինքն, մենք այս պահի դրությամբ արդեն 55 հոգի ընտրակաշառքների գործով անցնող ունենք։ Եվ իրավապահներն առաջիկա օրերին մեզ բավականին առատ «բերքահավաք» են խոստանում։ Բայց ես ուզում եմ այդ «բերքահավաքն» ավելի առատ դարձնել և հիմա ուզում եմ այսպիսի հայտարարություն անել․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1 000 դոլարին համարժեք 500 հազար դրամ պարգև։ Պարգև կտրվի այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառք տալու կամ ստանալու փորձ կնկարահանեն տեսանյութով»,- հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 500 հազար դրամ պարգևի կարժանան նաև այն քաղաքացիները, որոնք կնկարահանեն պետական կամ ոչ պետական հիմնարկների աշխատողների կողմից ընտրողի վրա ապօրինի ազդեցություն գործելու փորձը։

Մեկնաբանել