Ի՞նչ արժեցավ Արցախյան երկրորդ պատերազմը․ պետբյուջեի՝ ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերը 2020-ին

2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան երկրորդ պատերազմն իր աղետալի հետևանքներով և հաջորդած «հետցնցումներով» դեռ երկար ժամանակ իր բացասական ազդեցությունն է ունենալու հայկական երկու պետությունների վրա, ընդ որում՝ տնտեսական առումով այդ բացասական ազդեցությունը դրսևորվել և դեռ դրսևորվելու է ոչ միայն ռազմական և սոցիալական ծախսերի, այլև բաց թողնված եկամուտների, արտագաղթի և բարեկեցության կորստի տեսքով։ Քանի որ հարցը շատ ընդգրկուն է և լայնածավալ ուսումնասիրության կարիք ունի, սույն հոդվածում մենք անդրադարձել ենք միայն 2020-ին ռազմական դրությամբ պայմանավորված ՀՀ պետբյուջեի ծախսերին։

«Պատերազմի գինը» կարճաժամկետում2020-ի սեպտեմբերին սանձազերծված պատերազմը կառավարությանը ստիպեց վերանայել 2020-ի պետական բյուջեն՝ հավելյալ 134,6 մլրդ դրամ հատկացնելով ռազմական դրությամբ պայմանավորված հավելյալ ծախսերին, որից 133,7 մլրդ դրամ պետք է ուղղվեին տարբեր ծրագրերի ֆինանսավորմանը, իսկ 940 մլն դրամը՝ Արցախի Հանրապետությանը բյուջետային վարկի տրամադրմանը։ Համաձայն 2020-ի պետական բյուջեի կատարողականի՝ ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրերի կատարողականը եղել է 92,8%, այսինքն՝ նախատեսված 134,6 մլրդ-ի փոխարեն փաստացի ծախսվել է 124,9 մլրդ դրամ, ինչն էլ հենց կարճաժամկետում (2020-ին) վճարած «պատերազմի գինն» է՝ առանց բաց թողնված եկամուտների։ Այլ կերպ ասած, 2020-ին պետբյուջեից կատարված ամեն 100 դրամից 6,6 դրամն ուղղվել է ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերին։

Գծապատկեր 1․ Ռազմական դրությամբ պայմանավորված պետական բյուջեի ծախսերը ըստ ծրագրերի, մլրդ դրամ

Աղբյուր․ ACSES` ՀՀ ՖՆ տվյալների հիման վրա

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ փաստացի ծախսերի գերակշիռ մասը (79,2% կամ 99 մլրդ դրամ) ուղղվել է պաշտպանության ապահովմանը, որի համար պատասխանատու էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, 12,3%-ը կամ 15,4 մլրդ դրամը՝ սոցիալական հարցերի լուծմանը (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն), առանձին ծախսային ծրագրեր են ունեցել նաև՝ առողջապահության, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունները և պետական այլ գերատեսչություններ, օրինակ, արտաքին գործերի նախարարությանը հավելյալ հատկացվել է 1,2 մլրդ դրամ օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացման համար։

Ռազմական դրությամբ պայմանավորված 31 ծրագրերից 19-ը թերակատարվել են

Ինչպես արդեն նշվեց, ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի կատարողականը եղել է 92,8%, ընդհանուր առմամբ, նախատեսված 31 ծրագրերից 19-ը թերակատարվել են։

Գծապատկեր 2․ Ռազմական դրությամբ պայմանավորված պետական բյուջեի թերակատարված ծախսերի չափն ըստ ծրագրերի, մլն դրամ

Աղբյուր․ ACSES` ՀՀ ՖՆ տվյալների հիման վրա

Բյուջեի կատարողականի հաշվետվությունում ֆինանսների նախարարությունը նշել է, որ առանձին ծրագրերի գծով ցածր կատարողականը պայմանավորված է փաստացի դիմած քաղաքացիների՝ նախատեսվածից փոքր թվով: Օրինակ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հաշվառված քաղաքացիների համար նախատեսված էր 9,9 մլրդ դրամ, սակայն փաստացի տրամադրվել է 4,1 մլրդ դրամ, իսկ Արցախում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական աջակցության նպատակով նախատեսված 303 մլն դրամը ընդհանրապես չի օգտագործվել՝ միջոցառման նկատմամբ պահանջի բացակայությամբ:

Նմանապես, տեղական ինքնակառավարման մարմիններին նախատեսված էր տրամադրել 1,6 մլրդ դրամ Հայաստանի տարբեր համայնքներում հանգրվանած տեղահանված անձանց աջակցության ծրագրի շրջանակներում պարենային և ոչ պարենային ապրանքներ տրամադրելու համար, սակայն փաստացի տրամադրվել է 834 մլն դրամ, քանի որ նրանցից շատերը նոյեմբերից սկսած վերադարձել են իրենց մշտական բնակության վայրեր։

Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի 42%-ը ֆինանսավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում հայթայթված գումարներից 52,7 մլրդ դրամը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ փոխանցվել է ՀՀ կառավարությանը՝ ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերը մասամբ հոգալու համար։ Այսպիսով, 2020-ին ռազմական դրությամբ պայմանավորված 124,9 մլրդ դրամ ծախսերի 42%-ը ֆինանսավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայթայթած միջոցների հաշվին։

Հոդվածը պատրաստել է ACSES (Armenian Center for Socio-Economic Studies) վերլուծական կենտրոնը:

Մեկնաբանել