44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը 275 է․ Քննչական կոմիտե

2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 275 անձ։ Այս մասին հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն՝ արձագանքելով համացանցում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների թվաքանակի վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին։

Կոմիտեից տեղեկացնում են, որ քննություն է իրականացվում 44-օրյա պատերազմի հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց հայտնաբերման ուղղությամբ։

«Քրեական վարույթի շրջանակներում անձը դադարում է համարվել գտնվելու վայրն անհայտ, երբ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների կատարման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվում վերջինիս զոհվելու վերաբերյալ կամ հայտնի է դառնում անձի գտնվելու վայրը։ 2021 թվականի հունիսի 16-ին մամուլում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների թվաքանակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները վերաբերում են ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին տրված դրամական հատուցումների ֆինանսական հաշվետվություններին, ինչը չի արտացոլում այդ օրվա դրությամբ քրեական վարույթի շրջանակներում գտնվելու վայրն անհայտ անձանց թվաքանակը»,- ասված է պարզաբանման մեջ։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 16-ին Կոտայքի մարզում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը 1064 է։ Սարգսյանի հրապարակած փաստաթուղթը Զինծառայության ապահովագրման հիմանդրամի հաշվետվությունն է, որտեղ գրված է նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։

Մեկնաբանել