Վրաստանը, Ուկրաինան և ՆԱՏՕ-ն․ պե՞տք է արդյոք հյուսիսատլանտյան կողմնորշումը Հայաստանին

Opening Ceremony

Հայաստանում նախընտրական քարոզարշավի փուլը մոտենում է ավարտին: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը վերջին տասն օրվա ընթացքում բոլոր հնարավոր միջոցներով փորձում էին հանրությանը ներկայացնել տարբեր խնդիրների շուրջ իրենց պատկերացումներն ու ծրագրերը: Հասկանալի պատճառներով ընտրական այս գործընթացի ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ոչնչացրել է մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը գոյություն ունեցած տարածաշրջանային ստատուս-քվոն, և այժմ Հայաստանի քաղաքական դասը փորձում է լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից:

Տիգրան Գրիգորյանը քաղաքագետ է։ Նա մագիստրոսի աստիճան ունի Մեծ Բրիտանիայի Արևելյան Անգլիայի համալսարանից։ Մինչև 2020-ը Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության գործադիր մարմնի անդամ էր։ 2020-21 թվականներին աշխատել է Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակում։ Վերլուծական բազմաթիվ հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են հայաստանյան և միջազգային մամուլում։

Այս հարցերի քննարկումնների համատեքստում քաղաքական մի շարք ուժեր առաջ են քաշում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման օրակարգը: Նշվում է, որ Հայաստանը պետք է լքի Ռուսաստանի հովանու ներքո գործող կառույցները, սկսի Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությանը (ՆԱՏՕ) անդամակցության գործընթաց կամ ռազմական դաշինքների մեջ մտնի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ: Նախընտրական դեբատների ընթացքում անդամակցությունը ՆԱՏՕ-ին ու արևմտյան տերությունների հետ ռազմական դաշինքների ձևավորումը ներկայացվում է որպես Հայաստանի անվտանգային խնդիրների լուծման իրատեսական տարբերակ: Այս թեմայի շուրջ բանավեճերի ընթացքում Հայաստանի համար որպես օրինակ են ներկայացվում Վրաստանն ու Ուկրաինան:

Վրաստանի ու Ուկրաինայի օրինակները իսկապես օգտակար են Հայաստանի համար և ցույց են տալիս աշխարհաքաղաքական այն իրողությունները, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում: ՆԱՏՕ-ին Վրաստանի ու Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ ամենաառարկայական քննարկումները տեղի են ունեցել 2008-ի ապրիլին Բուխարեստում` կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում: ԱՄՆ-ն ու Լեհաստանը գագաթնաժողովի ընթացքում առաջարկում էին հետխորհրդային այդ երկրներին անդամակցելու գործողությունների պլան (Membership Action Plan – MAP) տրամադրել, ինչը գործնական առումով ճանապարհ կբացեր նրանց համար կազմակերպության անդամ դառնալու համար:

Այնուամենայնիվ, Գերմանիայի ու Ֆրանսիայի դիմադրության պատճառով Վրաստանին և Ուկրաինային գործողությունների պլան չտրամադրվեց: Փոխարենը գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ Վրաստանին ու Ուկրաինային նվիրված հատվածում այդ երկրներին խոսք էր տրվում, որ նրանց անդամակցելու գործողության պլան կտրամադրվի ապագայում, և Կիևն ու Թբիլիսին մի օր կդառնան կազմակերպության անդամ: Մի խոսքով` սա քաղաքական կենաց էր և անդամակցության դե ֆակտո մերժում: Ի դեպ, օրերս Վրաստանին ու Ուկրաինային ուղղված նմանատիպ բովանդակությամբ մի հայտարարություն ընդունվեց նաև Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որը կրկին քաղաքական բարեմաղթանքների ժանրից էր:

Այնուամենայնիվ, նույնիսկ Բուխարեստի գագաթնաժողովին ընդունված այդ հայտարարությունը շուտով տարածաշրջանում լարվածության ու էսկալացիայի պատճառ դարձավ: Մի շարք փորձագետների կարծիքով 2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմի խթաններից մեկը հենց բուխարեստյան հայտարարությունն է եղել: Հարկ է նշել, որ այդ պատերազմի ընթացքում Արևմուտքի օգնությունը Վրաստանին հիմնականում սահմանափակվում էր Ռուսաստանին դատապարտող հայտարարություններով: Ավելին, օգոստոսյան պատերազմից ընդամենը ամիսներ անց ԱՄՆ-ում իշխանության եկած Բարաք Օբամայի վարչակազմը նախաձեռնեց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց (reset):

2014-ի ուկրաինական ճգնաժամից հետո Արևմուտքի արձագանքը ավելի կոշտ էր: Ռուսաստանի դեմ պարբերաբար տարատեսակ պատժամիջոցներ են մտցվում ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից: Սակայն ՆԱՏՕ-ին Ուկրայինայի անդամակցության հարցը վերջին յոթ տարիների ընթացքում երբեք օրակարգային չի եղել արևմտյան մայրաքաղաքներում: Արևմուտքը պատրաստ չէ Ուկրաինայի ու Վրաստանի պատճառով ուղիղ ռազմական առճակատման գնալ Ռուսաստանի հետ:

Վրաստանի, Ուկրաինայի կամ հետխորհրդային այլ երկրների անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությանը կամ արևմտյան ռազմական բազաների տեղակայումը այդ երկրների տարածքում կարմիր գիծ է Ռուսաստանի համար: Մոսկվան հնարավոր բոլոր միջոցներով պատրաստ է կանխել իրադարձությունների այդպիսի զարգացումը: Այդ մասին գրեթե բաց տեքստով վերջերս խոսում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այսպես, 2021-ի մարտի 18-ին, ելույթ ունենալով Ռուսաստանին Ղրիմի միացմանը նվիրված համերգին, Պուտինը հայտարարել էր, որ 20-րդ դարի սկզբին բոլշևիկները անհասկանալի պատճառներով մի շարք «քվազիպետությունների» զգալի աշխարհաքաղաքական տարածություններ են փոխանցել, և ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը հսկայական տարածքներ է կորցրել: Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ապրել աշխարհաքաղաքական այդ նոր պայմաններում, սակայն երբեք չի ընդունելու, որ իր «առատ նվերները» կարող են օգտագործվել ի վնաս ՌԴ շահերի:

2021-ի ապրիլի 21-ին ՌԴ Դաշնային ժողովին իր ուղերձում Պուտինը զգուշացրել է, որ եթե Ռուսաստանի հակառակորդները անցնեն կարմիր գծերը, Մոսկվայի պատասխանը ասիմետրիկ, արագ և կոշտ է լինելու:

Բայդենի և Պուտինի գագաթնաժողովը Ժնևում

ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ի առաջատար երկրների մեծամասնությունում հասկանում են այս իրողությունները և պատրաստ չեն Ուկրաինայի ու Վրաստանի պատճառով Ռուսաստանի հետ առճակատման գնալ: Բայդենի վարչակազմը նպատակ չունի բարելավել հարաբերությունները Ռուսաստանին հետ, սակայն ցանկանում է կայունություն ու կանխատեսելիություն մտցնել այդ բարդ հարաբերությունների մեջ: Հունիսի 16-ին Ժնևում տեղի ունեցած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի գլխավոր նպատակը այդ էր: Երկու երկրների ղեկավարները հանդիպման ընթացքում հավանաբար հստակեցրել են նաև միմյանց կարմիր գծերը: Հետաքրքրական է, որ գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Պուտինը, պատասխանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին լրագրողներից մեկի հարցին, նշել է, որ Բայդենի հետ այդ խնդրին թեթևակի են անդրադարձել, քանի որ այդ թեմայով քննարկելու ոչինչ չկա:

ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության կամ արևմտյան առանձին պետությունների հետ ռազմական դաշինքների մեջ մտնելու մասին քննարկումները միմիայն քաղաքական վառ երևակայության արգասիք են: Դրանք կեղծ օրակարգեր և պատրանքներ են ստեղծում Հայաստանի անվտանգային խնդիրների շուրջ և չեն նպաստում իրական լուծումների ի հայտ գալուն

Այսպիսով, Ռուսաստանի հետ գրեթե բոլոր կապերը խզած հետխորհրդային այս երկու երկրները վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում ակտիվորեն փորձում են անդամակցել ՆԱՏՕ-ին ու արևմտյան լուրջ ռազմական ներկայություն ապահովել իրենց տարածքներում, սակայն չեն կարողանում որևէ նշանակալի առաջընթաց գրանցել այդ գործընթացում: Ակնհայտ է, որ եթե աշխարհաքաղաքական լուրջ ֆորս մաժորներ տեղի չունենան, իրավիճակը մոտ ապագայում նույնն է մնալու: Այս պարագայում ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության կամ արևմտյան առանձին պետությունների հետ ռազմական դաշինքների մեջ մտնելու մասին քննարկումները միմիայն քաղաքական վառ երևակայության արգասիք են: Դրանք կեղծ օրակարգեր և պատրանքներ են ստեղծում Հայաստանի անվտանգային խնդիրների շուրջ և չեն նպաստում իրական լուծումների ի հայտ գալուն:

Մեկնաբանել