Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Հունիսի 16-ին կայացել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։ Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերում գործընկեր պետությունների և կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին, հավելելով, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները»,- ասված է հաղորդագրությունում։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում Հայաստանի զինուժի հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը։

«Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին, պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցերի»,- տեղեկացնում են նախարարությունից։