Ադրբեջանը՝ խաղաղասիրության ամենամեծ նվազումը գրանցած պետությունների հնգյակում

Հունիսի 17-ին Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը հրապարակել է իր հերթական՝ «Խաղաղասիրության գլոբալ համաթիվը»՝ դիտարկելով 163 անկախ պետությունների և տարածքների խաղաղասիրության աստիճանը։ Զեկույցում հետազոտության է ենթարկվում երեք հարթություն՝ հանրային անվտանգությունն ու ապահովությունը, ներքին և միջազգային ընթացող հակամարտություններն ու ռազմականացված լինելու աստիճանը։ 

2021-ի զեկույցում Հայաստանը 94-րդն է, գրանցվել է վատթարացում 16 կետով։ 

Ադրբեջանը՝ խաղաղասիրության ամենամեծ վատթարացումը գրանցած պետություն

Ադրբեջանը 2021-ի զեկույցում 121-րդն է՝ նվազում 6 կետով, ավելին՝ այդ երկիրը ներառվել է խաղաղասիրության ամենամեծ նվազումը գրանցած պետությունների հնգյակում՝ Բուրկինա Ֆասոյի, Բելառուսի, Հոնդուրասի, Զամբիայի հետ միասին։

Խաղաղասիրության նման վատթարացումը զեկույցի հեղինակները պայմանավորել են 2020-ի նոյեմբերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմով, որում, ըստ զեկույցի, հայկական կողմը կրել է 4 000 կորուստ, ադրբեջանականը՝ 3 000, այդ թվում՝ 500 սիրիացի վարձկանները, որոնք կռվել են ադրբեջանական կողմից։

Ռուսաստանը ամենաքիչ խաղաղասեր պետությունն է տարածաշրջանում՝ գտնվելով 154-րդ հորիզոնականում։

2020-ին Հայաստանն ու Ադրբեջանը ավելի խաղաղասեր էին

Ուշագրավ է փաստը, որ 2020-ի զեկույցում Հայաստանը, ինչպես և Ադրբեջանը ներառվել էին տարվա՝ խաղաղասիրության առումով ամենամեծ առաջընթացը գրանցած պետությունների հնգյակում․ առաջինը Ադրբեջանն էր, երկրորդը՝ Հայաստանը։ 2020-ին նշվել էր, որ Ապրիլյան պատերազմից հետո՝ մինչև 2019-ը, ղարաբաղյան հակամարտությունը կայունացել էր, հետևաբար՝ նվազել էին զոհերը և տեղահանվածների թիվը։

2021-ի «Խաղաղասիրության գլոբալ համաթվում» Իսլանդիան ամենախաղաղասերն է․ այդ դիրքը նա պահպանում է 2008-ից։ Նրան հետևում են Նոր Զելանդիան, Դանիան, Պորտուգալիան և Սլովենիան։ 

Աֆղանստանը աշխարհի ամենապակաս խաղաղասեր երկիրն է․ նրան նախորդում են Եմենը, Սիրիան, Հարավային Սուդանն ու Իրաքը։