Ո՞վ է հայկական «Գելափը», հավատա՞լ արդյոք նրա հարցումներին

Pre-election posters and billboards of the alliances and parties participating in the snap elections in Armenia

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ սոցիոլոգիական տարբեր ընկերություններ հարցումներ են հրապարակում՝ մասնակից ուժերի ու առանձին գործիչների վարկանիշերի, ընտրության մասնակցության վերաբերյալ։ Այդ ընկերություններից մեկը «Էմ փի ջի» ՍՊԸ-ն է, որ Gallup International Association հետազոտական ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Այս ընկերության իրականացրած հարցումները Հայաստանում ներկայացվում են որպես «Գելափի» հարցումներ։

Առաջին մոլորությունը, սակայն, ամերիկյան հանրահայտ Gallup ընկերության և այս ընկերության նույնականացումն է։ Տարիներ առաջ Nouvelles D’Armenie պարբերականը մի հետաքննություն էր հրապարակել՝ ապացուցելով, որ հայաստանյան Gallup-ը ոչ թե ներկայացնում է մեծ վստահություն ու հեղինակություն վայելող Gallup Inc-ին, այլ Gallup International Association-ին։ Այս երկու ընկերությունների մեջ կար մտավոր սեփականության շուրջ իրավական վեճ։ Վերջերս ֆիլիպինյան մամուլում հրապարակումներ եղան Gallup International Association-ի կողմից Ֆիլիպինների կառավարության` կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետության վերաբերյալ իրականացրած հարցումների մասին։ Ըստ դրանց՝ հարցմանը մասնակցած ֆիլիպինցիների 80 տոկոսը «լավ» էր գնահատել կառավարության աշխատանքը համավարակի դեմ պայքարում։ Ֆիլիպինյան պարբերականը անդրադարձել էր փաստին, որ Gallup International Association-ը ամերիկյան Gallup Inc-ի հետ առնչություն չունի։

2017-ին Ռուսաստանում Բուլղարիայի նախկին դեսպան Իլիան Վասիլևը The Wall street Journal-ի հետ զրույցում, խոսելով Բուլղարիայի նախագահական ընտրությունների նախընտրական հարցումների մասին, հայտարարել էր, որ Gallup International Association-ի իրականացրած հարցումը մեթոդաբանության և ֆինանսավորման մանրամասներ չի պարունակում: Վասիլևը հայտարարել էր, որ «ռուսական մեդիա ստրատեգները և նրանց բուլղարական արբանյակներն օգտագործել են արևմտյան Gallup Inc-ի անունը՝ մարդկանց հիմարացնելու և իրենց ուղերձները տեղ հասցնելու համար»։

Ո՞վ է հայկական «Գելափը»

Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցիչը «Էմ փի ջի» ՍՊԸ-ն է։ Ընկերության կայքում նշվում է.

«Հրաժարում։ Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիան և նրա անդամները կապված չեն Գելլափ կորպորացիայի հետ, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում, որն այլևս Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի անդամ չէ։ Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիան պատասխանատվություն է կրում միայն իր կատարած հետազոտությունների համար։ Մենք պահանջում ենք, որ մեր հետազոտությունները ամբողջությամբ ընդունվեն որպես Գելլափ Ինթերնեյշնլ, ոչ թե Գելլափ կամ Գելլափի հարցում»։

«Էմ փի ջի»-ն Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ ակտիվ հարցումներ է հրապարակում։ Այսպես՝ 1 102 անձանց շրջանում «Էմ փի ջի»-ն հարցում է անցկացրել մայիսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցման արդյունքներն անձամբ ներկայացրել է «Էմ փի ջի»-ի միակ բաժնետեր և տնօրեն Արման Նավասարդյանը մայիսի 29-ին՝ հարցման ավարտից մեկ օր անց (այլ կերպ ասած՝ 1 100 անձանց հետ հեռախոսազրույցների ամփոփումն ու զեկույցի պատրաստումը տևել է մեկ օր: Հարցին, թե այս կիրակի ընտրության դեպքում ում ձայն կտային քաղաքացիները, 22,9 տոկոսը նշել է «Քաղաքացիական պայմանագրի» անունը, 17,5 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի անունը։

Հաջորդ հարցումը «Էմ փի ջի»-ն իրականացրել է մայիսի 31-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում և ամփոփել հունիսի 5-ին։ Հարցին, թե ում կընտրեիք, եթե այս կիրակի կայանային ընտրությունները, հարցվածների 22,4 տոկոսը նշել է՝ «Քաղաքացիական պայմանագիր», իսկ 20,6-ը՝ «Հայաստան» դաշինք։

Մյուս հարցումը ընկերությունն իրականացրել է հունիսի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում՝ 1 103 մարդկանց շրջանում հեռախոսային եղանակով։ Այս հարցման արդյունքում արդեն «Հայաստան» դաշինքը առաջ էր անցել «Քաղաքացիական պայմանագրից», և հարցվածների 24,1 տոկոսը հայտնել է, որ քվեարկելու է «Հայաստան»-ի օգտին, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկելու պատրաստակամություն էր հայտնել 23,8 տոկոսը։

Արամ Նավասարդյանը՝ բիզնեսում

«Էմ փի ջի»-ի ղեկավար Արամ Նավասարդյանը բացի սոցիոլոգիայից՝ զբաղվում է նաև այլ բիզնեսներով։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ 2009-2018 թթ. Նավասարդյանը եղել է «Կարամ» ՍՊԸ-ի 33 տոկոսի բաժնետերը։ Այս ընկերությունը Հայաստանում ներկայացնում է «Ցվիլլինգ ջեյ էյ հենքելս» բրենդը, որը զբաղվում է գերմանական խոհանոցային պարագաների ներմուծմամբ ու վաճառքով։ Ընկերության խանութ-սրահը գտնվում է Երևանի Աբովյան փողոցում։ 2018-ին ընկերության միանձնյա բաժնետեր է դարձել Կարեն Բեզոյանը։ Վերջինս Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներից Էդուարդ Բեզոյանի որդին է։ Էդուարդ Բեզոյանը ճանապարհաշինարար է, եղել է «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրերի գրասենյակի ղեկավար։

Արամ Նավսարդյանը 100 տոկոս մասնակցություն է ունեցել նաև «Զվիլլինգ» ՍՊԸ-ում, իսկ հետագայում իր բաժնեմասը փոխանցել է եղբորը՝ Արա Նավասարդյանին։ Այս ամենից զատ, Արամ Նավասարդյանը նաև Մարքեթինգի հայկական ասոցացիայի նախագահն է։ Հիմնադրամը զբաղվում է հետազոտությունների ու խորհրդատվությունների տրամադրմամբ, տարբեր ընկերությունների մատուցում է բրենդինգային և դիզայներական ծառայություններ։

Ի դեպ, ուրբաթ՝ քարոզարշավի վերջին օրը, «Էմ փի ջի»-ն հրապարակելու է հերթական հարցումը։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել