Մոսկվան շարունակում է շեշտադրել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների վերադարձը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ հունիսի 17-ին, կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցին։

«Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը կապված է սահմանի միջազգային-իրավական ձևակերպման բացակայանության հետ»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Երևանի և Բաքվի հետ համաձայնություն է հաստատված արտգործնախարարությունների և պաշտպանության նախարարությունների մակարդակով։

«Վերջին շաբաթվա ընթացքում հաջողվել է նվազեցնել լարվածությունը։ Սահմանային վեճի կարգավորման հետ կապված համապատասխան խորհրդակցությունները կշարունակվեն։ Խնդրի որակյալ և երկարաժամկետ լուծումը տեսնում ենք երկրների միջև սամնազատման, ապա նաև սահմանագծման աշխատանքների արագ մեկնարկով»,- հայտարարել է Մարիա Զախարովան։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձին՝ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը նշել է․ «Գերիների և այլ պահվող անձանց թեման իր արդիականությունը պահպանում է, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի կատարման համատեքստում»։

«Մենք ողջունում ենք հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից Երևանին 15 ՀՀ քաղաքացիներին տրամադրելու փաստը։ Մենք հանդես ենք գալիս «բոլորը բոլորի դիմաց» բանաձևի օգտին՝ առանց որևէ նախապայմանի»,- ասել է նա։

Զախարովան կարևորել է նաև այլ հումանիտար խնդիրների լուծումը, մասնավորապես, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հետ կապված։

Մեկնաբանել