Բջջային շուկան աճում է

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործառնական հասույթն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 16,671 մլրդ դրամ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 3,8%-ով։ Ընդ որում՝ այս հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ընկերության բաժանորդային բազան ավելացել է 2,2%-ով՝ կազմելով 1,92 մլն, թեև 2011թ. չորորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 1,1%-ով։

Ընկերության գործառնական եկամուտների աճն ամբողջովին պայմանավորված է բազայի աճով, քանի որ այս ընթացքում ընկերության կողմից մատուցվող ծառայությունների միավորի գինը (APPM) չի փոխվել՝ կանխավճարային բաժանորդների համար այն կազմել է 4 դրամ/րոպե։ Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը ստացել է մոտ 3,6 մլրդ դրամի շահույթ, այն դեպքում երբ անցած տարի նույն ժամանակահատվածում կրել էր 3 մլրդ դրամի վնաս։

«ԱրմենՏելը» այս տարվա առաջին եռամսյակում ստացել է 15 մլրդ դրամի գործառնական եկամուտ, որից 6,5 մլրդ-ը՝ շարժական հեռախոսակապի ծառայություններից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության գործառնական եկամուտները կրճատվել են 10,5%-ով, այդ թվում շարժական հեռախոսակապի սեգմենտում՝ 11,4%-ով։ Ընկերության գործառնական եկամուտների կրճատումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ բաժանորդային բազան աճել է 7,6%-ով՝ կազմելով 752,8 հազ. բաժանորդ։

Բազայի աճի ֆոնին հասույթների կրճատումը պայմանավորված է ընկերության սակագնային քաղաքականությամբ։ Այսպես. եթե անցած տարվա առաջին եռամսյակում կանխավճարային բաժանորդների (մասնաբաժինը բազայում՝ մոտ 80%) միավորի գինը (APPM) կազմում էր 19,7 դրամ/րոպե, ապա այց տարվա առաջին եռամսյակում այն եղել է 8,1 դրամ/րոպե։

Այս ժամանակահատվածում հետվճարային բաժանորդների համար միավորի գինն աճել է մոտ 16 անգամ՝ հասնելով 16,1 դրամ/րոպե-ի, ինչն ակնհայտորեն բավարար չի եղել ֆինանսական ցուցանիշների բարելավման համար. հետվճարային բաժանորդների մասնաբաժինն ընդհանուր բազայում ընդամենը 20% է։

«Օրանժ Արմենիան» այս տարվա առաջին եռամսյակում ստացել է 4,3 մլրդ դրամի գործառնական եկամուտ, ինչը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 60%-ով։ Ընկերությունը եկամուտների 37,3%-ը ստացել է ձայնային ծառայություններից։ Անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ օպերատորի բաժանորդային բազան կրճատվել է 8,5%-ով՝ կազմելով 564 հազ.։

Նշենք, որ բազայի կրճատման ֆոնին գործառնական եկամուտի աճին առաջին հերթին նպաստել է սակագնային քաղաքականության փոփոխությունը։ Այսպես. եթե անցած տարվա առաջին եռամսյակում կանխավճարային բաժանորդների (մասնաբաժինն ընդհանուր բազայում՝ 88,5%) միավորի գինը կազմում էր 6 դրամ/րոպե, ապա այս տարվա առաջին եռամսյակում այն հասել է 8 դրամ/րոպե-ի։ Հետվճարային բաժանորդների համար միավորի գինն ավելացել է 1 դրամով՝ կազմելով 16 դրամ/րոպե։ Չնայած գործառնական եկամուտների աճին՝ ընկերության գործառնական ծախսերը (OPEX) կազմել են 5,761 մլրդ դրամ կամ գործառնական եկամուտից մոտ 1,4 մլրդ դրամով ավելի։

Մեկնաբանել