Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը աշխատակցին արգելել է մասնակցել Փաշինյանի քարոզարշավին․ ոստիկանություն

Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը աշխատակցուհիներից մեկին արգելել է մասնակցել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին։ Հարուցվել է քրեական գործ, տնօրենը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը։

«Հունիսի 15-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Գորիսի բաժնում Գորիսի մշակույթի կենտրոնի աշխատակցուհիներից մեկը հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը արգելել է իրեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին՝ սպառնալով ազատել աշխատանքից: Նախապատրաստված նյութերով ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»,- նշված է հաղորդագրությունում։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 17-ին մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել