Ռազմիկ Աբրահամյանի պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Առողջապահության նախարարության կոռուպցիոն գործով կա դատավճիռ։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Այս գործով անցնում էին Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը և Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը։

Գործը բացահայտվել էր 2019-ի տարեսկզբին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից։ Դեռևս մարտի 30-ին լուրեր տարածվեցին, որ կաշառք ստանալու կասկածանքով Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է առողջապահության փոխնախարարին, ինչի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես եկավ Առողջապահության այդ ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանը՝ հայտնելով, թե Ազգային անվտանգության ծառայություն բերման ենթարկվածն իր տեղակալ Արսեն Դավթյանն է։

Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել Դավթյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար:

Գործով դատավճիռը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Արևիկ Խաչատրյանի հաղորդմամբ՝ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագանձման, իսկ Ռազմիկ Աբրահամյանը՝ 3 տարի ժամկետով ազատազրկման, սակայն դատարանը վճռել է պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել