Պեսկովն ու Լավրովն ադրադարձել են Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորությանը

Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը հատուկ ուշադրության առիթ է և անվտանգության միջոցառումների ձեռնարկման պատճառ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորության մասին Անկարայի հայտարարությունը:

«Մեր սահմանների մոտ Դաշինքի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքի ծավալումը հատուկ ուշադրության առիթ է, ինչպես նաև մեր անվտանգության և մեր շահերի ապահովման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկման պատճառ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ դա Ռուսաստանի ուշադրության հարցն է․ «Մենք համագործակցում ենք Թուրքիայի հետ Անդրկովկասում իրավիճակի կայունացման գործում։ Մենք սերտ կապի մեջ ենք և Անկարայի, և Բաքվի, և Երևանի հետ: Կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրադրության հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, լոգիստիկայի զարգացմանը, ընդհանուր առմամբ, իրավիճակի շտկմանը և չպետք է պարունակի ինչ-որ տարրեր, որոնք կարող են լարվածության աճի պատճառ դառնալ»,- հավելել է Պեսկովը:

Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորությանն անդրադարձել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը․ «Ասեկոսեները չենք մեկնաբանում»,- ասել է Լավրովը, փոխանցում է «Իզվեստիան»։

«Տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանում կարող են հայտնվել Թուրքիայի ռազմակայաններ, առայժմ խոսակցություններ են, որոնք Ռուսաստանը չի մեկնաբանելու։ Մենք չենք քննարկել այդ հարցը, և ասեկոսեները չենք մեկնաբանում»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։

Հունիսի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէր բացառել, որ Ադրբեջանում կարող է ստեղծվել թուրքական ռազմաբազա՝ երկու երկրների կողմից ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակներում: Էրդողանը նշել էր, որ թեման Շուշիի համաձայնագրի կետերից դուրս է, սակայն հետագայում այն կարող է զարգանալ։ Թուրքիայի նախագահը նաև չէր բացառել, որ թեման կարող է բարձրացվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում:

Մեկնաբանել