Ընտրություններ Իրանում․ ովքեր են պայքարում նախագահի պաշտոնի համար

Այսօր՝ հունիսի 18-ին, Իրանում անցկացվում են 13-րդ նախագահական ընտրությունները: Պայքարն ընթանում է պահպանողականների և բարեփոխականների միջև: Գործող նախագահ Հասան Ռուհանիի կառավարման երկրորդ ժամկետը լրացել է, հետևաբար նա չի առաջադրվել:

Հունիսի 18-ի ընտրություններին մասնակցում է նախագահի չորս թեկնածու՝ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Ամիրhոսեյն Ղազիզադե Հաշեմին, Մոհսեն Ռեզաին և Աբդոլնասեր Հեմաթին: Բացի վերջինից՝ Իրանի Կենտրոնական բանկի նախագահից, բոլորը ներկայացնում են պահպանողական թևը: Ըստ պաշտոնական տեղեկությունների, նախագահական ընտրություններին մասնակցության իրավունք ունի շուրջ 59 միլիոն 310 հազար քաղաքացի:

Արդեն առավոտյան երկրի հանրությանը դիմել են Հասան Ռուհանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք միաձայն կոչ են արել ակտիվ մասնակցություն ունենալ ընտրություններին: Ռուհանին ասել է, որ ընտրությունը կբերի թշնամիների հիասթափության ու կհամախմբի երկրի հասարակությանը ներքին և արտաքին մարտահրավերների դեմ: Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ընտրություններն Իրանի համար ճակատագրական և ժողովորդի օր է համարել:

Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը մայիսի վերջին 592 նախագահի թեկնածուներից հաստատել էր միայն 7-ի թեկնածությունը, սակայն հունիսի 16-ից հետո այդ թեկնածուներից երեքը՝ բարեփոխական Մոհսեն Մեհրալիզադեն, պահպանողականներ Ալիռեզա Զաքանին և Սաիդ Ջալիլին դուրս են եկել ընտրապայքարից: Սակայն մինչև վերջնական ցանկի հաստատումը Իրանի հիշյալ մարմինը մերժել էր մի շարք հնչեղ անունների թեկնածությունը, որոնց շարքում էին Իրանի նախկին նահագահ Մահմուդ Ահմադինեժադը, ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ Մոստաֆա Թաջզադեն, նախորդ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, գործող փոխնախագահ Էսհաղ Ջհանգիրին և այլք:

Եթե Ահմադինեժադի թեկնածության մերժումը կանխատեսելի էր (պայմանավորված հոգևոր առաջնորդի հետ բարդ հարաբերություններով), ապա վերջինների դեպքը հարուցել է շատերի զարմանքը: Իսկ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախապես հայտարարել էր ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրելու մասին: Մի շարք փորձագետներ այդ քայլը պայմանավորել են նրա «հայտնի» ձայնագրության տարածմամբ, որտեղ նա մեղադրել էր ուժայիններին դիվանագիտական աշխատանքներին ներգրավվելու փորձի մեջ:

Նախագահական ընտրություններում երկրի գործադիր իշխանության ապագա ղեկավարին անհրաժեշտ կլինի հավաքել 50 տոկոսից ավելի ձայն: Անհաջողության պարագայում կնշանակվի երկրորդ փուլ: Մի շարք փորձագետների կարծիքով՝ Իրանի նախագահական ընտրությունները, որոնք սկսվել են տեղական ժամանակով 07:00-ին, նախորդ տարիների համեմատությամբ անցնում են ցածր մրցակցության պայմաններում:

Անվիճելի առաջատար է համարվում դատական իշխանության գործող նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, որը մի շարք հարցումներով ունի շուրջ 60 տոկոս ձայն, այնինչ նրա մրցակիցների վարկանիշները չեն գերազանցում անգամ ութ տոկոսը: Տարբեր գնահատականներով Ռայիսին ոչ միայն հավակնում է հաջորդ նախագահի պաշտոնին, այլ նաև շատերը նրան դիտարկում են որպես Իրանի հոգևոր հաջորդ առաջնորդ: Մի շարք փորձագիտական խմբեր վստահ են՝ ի դեմս Ռայիսիի կլինի բարեփոխականների նկատմամբ պահպանողականների հաղթանակը:

Որոշ ընդդիմադիր շրջանակներ Իրանի նախագահական ընտրությունները նախապես կանխորոշված եմ համարում՝ կարծելով, որ հանրությանը հակառակում ապացուցելու համար չի բացառվում ընտրությունների երկրորդ փուլը: Իրանական Radio Farda-ն ընտրությունների օրվա հրապարկմամբ կասկածի տակ է դրել ընտրությունների անաչառությունը՝ ակնարկելով դրանց «բեմականացված» լինելը: Ըստ հրապարակման՝ չհաստատաված թեկնածուների հանգամանքը մեծ հարցեր է առաջացնում:

«Ալ-Ջազիրա»-ն գրում է, որ Սահմանադրության պահապանների խորհրդի այսչափ խիստ դիրքորոշումը մի շարք փորձառու անձանց թեկնածությունների մերժման հարցում պայմանավորված է նրանով, որ Իրանի կառավարող վերնախավը բեկումնային և ճակատագրական է համարում ընթացիկ նախագահական ընտրությունները Իրանի համար:

Այնուամենայնիվ, անկախ ընտրության արդյունքներից, Իրանի հաջորդ կառավարությունը փորձելու է վարել նոր քաղաքականություն՝ մի կողմից Արևմուտքի պատժամիջոցների թուլացման, մյուս կողմից՝ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Հարավային Կովկասում Թեհրանի դիրքերի թուլացման համատեքստում:

Մեկնաբանել