Ընտրություններ և ընթացակարգ․ Էրիկ Հակոբյանի անդրադարձը

Այս շաբաթ կանդրադառնանք երկու կոնկրետ թեմաների, առաջինը՝ ընտրությունների անցկացումն ու հետընտրական շրջանը կանոնակարգող կանոնների և այն մասին, թե ինչպես են ձևավորվում, կամ չեն ձևավորվում, կառավարությունները, մասնավորապես այս կիրակի սպասվող ընտրություններից հետո։

Երկրորդ՝ քննարկելու ենք այս շաբաթ Էրդողանի ու Ալիևի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի այցը։ 

Ընտրությունների մասին

Խոսենք խորհրդարանական համակարգի մասին։ Նրանց համար, ովքեր ծանոթ չեն խորհրդարանական համակարգերին, ասեմ՝ դրանք նախագահականից տարբեր են նրանով, թե ինչպես են խորհրդարանում հատկացվում տեղերը, և ինչպես է իշխանությունը ձևավորվում։

Այս շաբաթվա ընտրություններն ունեն երեք հնարավոր ելք։ Առաջին՝ մեկ կուսակցություն կարողանում է ձեռք բերել խորհրդարանում տեղերի 54 տոկոսը և ինքնուրույն կառավարություն կազմել։ 

Երկրորդ՝ կազմվում է կոալիցիոն կառավարություն, մի քանի կուսակցություններ միավորում են իրենց տեղերը՝ կազմելու 54 տոկոս, որպեսզի կարողանան կազմել կառավարություն։ 

Երրորդ՝ քանի որ ընտրություններից հետո ընդամենը վեց օրվա ընթացքում պետք է կազմվի կառավարությունը: Եթե կուսակցությունները իրար մեջ համաձայնության չգան, կառավարություն չի կազմվի, այս դեպքում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ՝ առավելագույն ձայներ ստացած երկու քաղաքական ուժերի միջև։ 

Ինչպե՞ս են կուսակցությունները մուտք գործում խորհրդարան։ Կուսակցությունները պետք է հաղթահարեն հինգ տոկոսի շեմը, իսկ դաշինքների համար այդ շեմը յոթ տոկոսն է։ Օրինակ, Քոչարյանի քաղաքական ուժը, որը դաշինք է, պետք է հաղթահարի յոթ տոկոսի շեմը, որպեսզի խորհրդարան մտնի, ինչը նրանք ամենայն հավանականությամբ կանեն։

Դրանից հետո խորհրդարանը իրականում անմիջապես չի սկսում վարչապետի ընտրությունը։ Նախագահն է դիմում այն մարդուն, որի քաղաքական ուժը ընտրություններում ստացել է առավելագույն ձայներ, որն էլ առաջինն է փորձում ձևավորել կառավարություն։ Այն դեպքում, երբ չկա քաղաքական ուժ, որը հավաքել է ձայների 54 տոկոսը կամ ավելին, բոլոր կուսակցությունները կարող են իրար հետ աշխատել՝ կառավարություն կազմելու համար։ Նույնիսկ եթե առաջին տեղում հայտնված կուսակցությունը չես, եթե կազմես կոալիցիա տարբեր կուսակցությունների և հասնես 54 տոկոսին, կկարողանաս կառավարություն կազմել։

Էրդողանն ու Ալիևը՝ Շուշիում

Անցնենք երկրորդ մասին՝ Էրդողանի ու Ալիևի Շուշի կատարած այցը։ Բոլորս ստիպված էինք նայել նրանց Շուշիի բարձունքներում՝ իրար ձեռք բռնած, ինչպես փոքրիկ տղաներ։ Հասկանանք, թե ինչ է սա նշանակում։ Էրդողանը ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակն ունեցող երկրի ղեկավարն է։ Այցելում է քաղաք, որտեղ իր զորքերը էթնիկ զտումների են ենթարկել տեղի բնակիչներին, այս դեպքում՝ հայերին, մոտ հարյուր տարի անց այն բանից հետո, երբ մեկ այլ թուրքական բանակ հայերին Շուշիում էթնիկ բնաջնջման էր ենթարկել 1918-ին՝ սպանելով հազարավոր խաղաղ բնակիչների։

Եվ այս ամենը տեղի է ունենում Եվրոպայում։

1999-ին եվրոպական բոլոր խոշոր ուժերը պատերազմ վարեցին Սերբիայի դեմ Կոսովոյում էթնիկ զտումների փորձի համար։ Այդ պատերազմից հետո կոսովացիները ստացան անջատում հանուն փրկության իրավունքը։ 

Մենք անցած տարվա պատերազմից ի վեր ստացել ենք լռություն կամ զուտ դատարկ խոսքեր եվրոպական բոլոր տերություններից։ Սրա պատճառները շատ բարդ են։ Կարելի է դրանց մասին գրքեր գրել։ Սակայն այս հաղորդման շրջանակներում կարճ պատասխանը կասեմ՝ մեր կյանքերը կարևոր չեն, և մենք աշխարհի կողմից հավանություն ստացած զոհերի ցանկում չենք։ 

Սակայն եկեք ուրիշներին չմեղադրենք։ Քանի որ նրանց լռությունը, անկեղծ ասած, մեզ միայն ասում է, թե ինչ արժեք ունենք աշխարհի աչքերում հիմա։ Գրեթե ոչ մի։ 

Այն ճանապարհը, որը Ալիևին ու Էրդողանին տանում էր Շուշիի բարձունքներ, կառուցվել է մեր կողմից։ Կառուցվել էր, երբ մենք թույլ տվեցինք, որ երեսուն տարի մեր երկիրը ղեկավարեն գողերը կամ ապիկարները։ Երբեմն դրանցից մեկը, երբեմն երկուսը միաժամանակ։

Այդ ճանապարհը կառուցվել էր եկեղեցու առաջնորդների կողմից, որոնց ավելի շատ հուզում է իրենց սեփական անշարժ գույքը, այլ ոչ թե մեր առաջնորդ դասակարգի բարոյականությունը կամ էթիկան։ 

Այդ ճանապարհը կառուցվել էր, երբ մենք գործարանների ու գիտահետազոտական ինստիտուտների փոխարեն կառուցեցինք կազինոների տնտեսություն։

Այդ ճանապարհը կառուցվել էր, երբ ամեն անգամ մեր համալսարաններում մարդիկ գնում էին դոկտորական կոչում կամ գնահատականներ մեր կրթական համակարգի տարբեր մակարդակներում։

Այդ ճանապարհը կառուցվել էր, երբ մենք թույլ տվեցինք ապիկարության մշակույթը թուլացնի մեր բանակը, այնպես, որ մեր զինվորներին պատերազմ առաջնորդեցին հրամանատարներ ու գեներալներ, որոնք արժանի չէին նրանց պատերազմ առաջնորդելու։

Վերջում մեջբերեմ Շեքսպիրին․ «Մեղքը ոչ թե մեր աստղերի մեջ է, այլ հենց մեր մեջ»։

Ես կառաջարկեի օգտվել այս նկարից, կախել այն Հայաստանի բոլոր դպրոցներում, գործարաններում, կառավարական գրասենյակներում, սփյուռքի դպրոցներում, աշխարհում մեր ունեցած մշակութային կառույցներում, որովհետև ոչինչ մեզ ավելի լավ չի ասում, թե ինչ պետք է անել ու ինչպիսի երկիր է պետք կառուցել, քան այդ նկարին ամեն օր նայելը։

Շնորհակալություն այս շաբաթ մեզ միանալու համար

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի