Մարուքյանը պահանջում է միջազգային հետախուզում հայտարարել արտերկրի ադրբեջանցի գործարարների նկատմամբ

Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Հայաստանի գլխավոր դատախազությունից պահանջում է քրեական գործեր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել արտերկրում բնակվող ադրբեջանցի բոլոր խոշոր գործարարների նկատմամբ, ովքեր որևէ կերպ աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանի՝ պատերազմի հանցագործ ռազմաքաղաքական էլիտային։ Մարուքյանը սա առաջարկում է ի պատասխան Ադրբեջանի՝ ռուսահայ գործարարների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու։

Ֆեյսբուքի իր էջում Էդմոն Մարուքյանը գրել է․

«Ինչպես գիտեք, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի, ընկերությունների «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և «Royalsys Engineering» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանի նկատմամբ՝ պնդելով, որ 3 հայ գործարարներն օդային ճանապարհով տարբեր տեսակների սպառազինության մաքսանենգություն են կազմակերպել 2001-21թթ. ընթացքում դեպի ՀՀ և ԼՂՀ։

Ըստ հաղորդագրության՝ քրեական գործը հարուցվել է ապրիլի 28-ին, Աբրահամյանը, Կարապետյանը և Գալստյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ադրբեջանի դատախազությունը իրավական օգնության համար դիմել է «օտարերկրյա պետությունների համապատասխան պետական մարմիններին»:

Վերոնշյալի կապակցությամբ՝ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով նույն սկզբունքով քրեական գործեր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել արտերկրում բնակվող ադրբեջանական բոլոր խոշոր գործարարների նկատմամբ, ովքեր որևէ կերպ աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանի՝ պատերազմի հանցագործ ռազմաքաղաքական էլիտային, վերջինների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքացիական բնակչության և զինծառայողների նկատմամբ պատերազմական հանցագործությունների կազմակերպմանը, ռազմական գործողությունների ավարտից հետո մինչ այժմ այդ հանցագործությունների շարունակմանը, ինչպես նաև սպառազինություն են ներմուծել Ադրբեջան վերջին տարիների ընթացքում, հատկապես 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում»։

https://www.facebook.com/marukyan.edmon/posts/5640529466018734