Արմեն Չարչյանն ազատ կարձակվի. փաստաբան

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը կլինի ազատության մեջ։

Նա մասնավորապես գրել է, որ դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը։

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) որոշմամբ Չարչյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին։ Ըստ ՀՔԾ հայտարարության՝ նա իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

«Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը», – ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:

Մեկնաբանել