Հայաստանը «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերել

Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակ: Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

«Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 30000 անձի համար (30000 առաջին բաղադրիչ, 30000 երկրորդ բաղադրիչ)»,- ասված է հաղորդագրությունում։

«Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Մինչ «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակի ներկրումը Հայաստան էր ներմուծվել AstraZeneca պատվաստանյութի երկու խմբաքանակ՝ 24 000 և 50 000 դեղաչափ: Հետագայում երկու խմբաքանակով ներկրվել է Sputnik-V, առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ՝ 7 500 մարդու համար, երկրորդ խմբաքանակը՝ 14 000 մարդու համար։ Մայիսի 1-ին Չինաստանը Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրել է COVID-19-ի դեմ CoronaVac պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:

Մեկնաբանել