Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է՝ ընտրակաշառք տալու կասկածանքով

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ քննություն է տարվում՝ առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Լոռու մարզի բնակչուհին, աշխատելով Սպիտակ քաղաքում գործող ընկերություններից մեկում, տեղեկացված լինելով, որ տնօրենի որդին որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված է կուսակցությունների դաշինքներից մեկում, նրան աջակցելու նպատակով, զանգահարել է համագյուղացուն և որպես կաշառք՝ առերևույթ առաջարկել 10 000 ՀՀ դրամ ընտրակաշառք: Ստանալով մերժում՝ զանգահարել է մեկ այլ համագյուղացու և խոստացել չեղարկել վերջինիս կողմից իրեն պարտք եղած 7 500 ՀՀ դրամ գումարը, եթե 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին քվեարկի դաշինքի օգտին»,- ասվում է հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Մեկնաբանել