Փաշինյանը պետք է դառնա երկրի առաջնորդ, ոչ թե պոպուլիստ խռովարար

https://www.youtube.com/watch?v=R56QCPtPIBk&pbjreload=101

ՍիվիլՆեթի Էմիլիո Կրիկիոն և Էրիկ Հակոբյանը քննարկում են Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը։ Զրույցը տեսագրվել է փետրվարի 25-ին։

– Ի՞նչ կատարվեց փետրվարի 25-ին։ Ըստ վարչապետի՝ դա հեղաշրջման փորձ էր, որոշ ընդդիմադիր ուժեր ասացին՝ այդպես չէ։ Ի՞նչ կասեք։

– Երբ երկրի ռազմական ղեկավարությունը, որն ըստ օրենքի՝ ենթակա է քաղաքական ղեկավարությանը, կոչ է անում վերջիններիս հրաժարական տալ կամ հեռանալ, դա տեխնիկապես հեղաշրջում է։ Սակայն այս երկրում ամեն ինչ յուրօրինակ կերպով է արվում, ուստի սա տիպիկ թուրքական ոճի հեղաշրջում չէ։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, կտեսնենք առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Որովհետև եթե զարգացում չլինի, ապա կստացվի, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբը դառնում է Փաշինյանի հրաժարականը պահանջող հերթական խումբը, ինչպես նախագահը, եկեղեցին և սփյուռքի որոշ խմբեր, և դրանից այն կողմ որևէ ազդեցություն չեն ունենում։ Ժամանակը ցույց կտա։

Տեխնիկական, իրավական տեսանկյունից սա հեղաշրջման փորձ էր, բայց իրատեսորեն ավելի շուտ նորմալ քաղաքական գործընթացի է նման։ Երկու բավական մարդաշատ ցույց եղավ։ Վարչապետն անցկացրեց իր հավաքը, ընդդիմությունն իրենը։ Ամեն ինչ խաղաղ էր։ Վարչապետի հավաքը ավելի մարդաշատ էր, սակայն ընդդիմության հավաքի մասնակիցների թիվը ևս զգալի էր։ 

– Ինչպես նշեցիք, շատերն են վարչապետին հրաժարականի կոչ արել։ Չե՞ք կարծում, որ բարձրագույն սպայակույտի կոչն այլ է այդ առումով։ 

– Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Փաշինյանը ստորագրեց նրանց՝ պաշտոնից հեռացման հրամանները։ Նրանք այդքան էլ հետաքրքրված չէին վարչապետի հրաժարականով՝ նախքան Փաշինյանի այդ քայլը։ Ակնհայտ է, որ այստեղ շատ կոնկրետ բաներ են կատարվում։ Մենք չգիտենք՝ որոնք են այդ կոնկրետ բաները, սակայն կարող է լինել այն, որ մենք սկսում ենք հասկանալ պատերազմում ձախողման՝ բանակի վրա ունեցած քաղաքական ազդեցությունը։ Որովհետև մինչ այս, նրանք կարծես հեշտ էին պրծել։ Բանակի ներսում չեղան մեղադրական մատնանշումներ, քավության նոխազներ և մարդիկ, որոնք պատասխանատվություն կվերցնեին իրենց վրա։ Ինչպես գիտենք, ավելի քան հազար քրեական գործ կա հարուցված, մեծամասամբ բանակին թիրախավորող, ներառյալ ծառայողական պարտքից խուսափում, կաշառակերություն և որոշ դեպքերում՝ լրտեսություն։ Եթե պահանջում ես կառավարության հրաժարականը, դա անում ես, որովհետև չե՞ս ցանկանում այդ դեպքերը բացահայտվեն, թե՞ որպես սկզբունքի հարց։ Դա Հայաստանի բնակիչների ու քվեարկողների որոշելու հարցն է և պետք չէ դա շահարկման առարկա դարձնել։

– Երբ Հայրենիքի փրկության շարժումը կոչ արեց հավաքվել Ազատության հրապարակում, իսկ վարչապետը մեկ այլ հավաքի կոչ արեց  Հանրապետության հրապարակում, շատերը անհանգստացան, որ սա բախումների կտանի, ինչը, սակայն, չեղավ։

– Դրանք բավական խաղաղ ցույցեր էին։ Լսեցի նաև վարչապետի ելույթը, մասամբ։ 

– Եվ ինչ կասեք այդ մասին։

Նա փողոցային պայքարի վարպետ է։ Նա պոպուլիստ քաղաքական գործիչ է։ Բոլոր թերություններով ու ձախողումներով հանդերձ, երբ խոսքը նրա ու ընդդիմության մասին է․․․ նա իրավիճակը ներկայացրեց այնպես, թե նախկին կոռումպացված և ռեակցիոն ուժերը փորձ են անում վերադառնալ,  իսկ ինքը ներկայացավ որպես մեկը, որ հաղորդ է սովորական մարդուն։

Նա ընդդիմությանը վարպետորեն հավասարեցրեց երկրում վատագույն մարդկանց հետ։ Նրա հիմնական պոպուլիստ բնազդները բացառիկ են։ Իսկ ընդդիմության համար խնդիրը հետևյալն է՝ եթե սա անցնի փողոցային պայքարի փուլ, ապա իրենք կպարտվեն, որովհետև առաջին՝ Փաշինյանը երկրում եզակի առաջնորդ է, որն ունի հետևորդներ, բնականաբար՝ ոչ այնքան, որքան նախկինում։ Եվ անկեղծ նա այս հարցում ավելի ուժեղ է, քան մյուս կողմը։ 

– Փաշինյանը խոսեց մեղմ մոտեցումներից հրաժարվելու, թավիշին վերջ դնելու մասին։ Ի՞նչ կասեք այս մասին։

– Նա ունի այս պոպուլիստական հակումը՝ մոտենալ եզրին, սպառնալ, որ ավելի խիստ կլինի, բարի չի լինի։ Նա դա արեց նաև պատերազմից հետո, սակայն գրեթե միշտ դա անլուրջ է։ Սա է պատճառներից մեկը, որ էլիտաները ատում են նրան՝ Փաշինյանը խաղում է պոպուլիստական խաղաթղթով և ասում բաներ, որ այլոք չեն ասի։ Նա խաղում է իր հետևորդների համար, գիտի նրանց լեզուն, իսկ իր ընտրազանգվածը աշխատավոր և գյուղական զանգվածն է։ Մյուս բանը՝ նա գրեթե ակնարկեց, որ պետք է ընտրություններ անցկացնել՝ առանց դա բառացի ասելու։ 

– Հիմա ի՞նչ է մեզ սպասվում։  

– Իր ելույթում նա ասաց՝ փորձել եմ ընտրությունների շուրջ երկխոսություններ ունենալ, և ընդդիմությունը մերժել է։ Դրանում ճշմարտություն կա, որովհետև մի պահ ընդդիմությունը նրանից պահանջեց հեռանալ առանց ընտրությունների։ Հետո ասացին՝ ցանկանում են ընտրություններ։ Մի խումբն ուզում է ընտրություն, մյուսը չի ուզում։ Քոչարյանն ասել է՝ ցանկանում է, Վազգեն Մանուկյանը՝ ոչ։ Ուստի, Փաշինյանը ճիշտ է ասում։ Ոգևորիչ է, որ նա ասաց՝ պատրաստ է երկխոսություն սկսել ընտրությունների անցկացման շուրջ։ 

Վերջիվերջո, պետք է այս փակուղուց դուրս գալ խաղաղ ու ժողովրդավար ճանապարհով, և  դա անելու ձևը ընտրություններ անցկացնելն է։ Եվ թող հաղթի նա, ով հաղթելու է։ Կարծում եմ՝ նա պետք է կամ անցկացնի ընտրություններ, կամ ընդարձակի իր ընտրազանգվածը, որովհետև հաստատ հիմա նա չի վայելում երկրի մեծամասնության աջակցությունը։ Իհարկե, ամեն դեպքում ունի ավելի մեծ աջակցություն, քան որևէ այլ մեկը, սակայն ոչ նախկինում ունեցած գերակշիռ աջակցությունը։

Մեզ պետք են ընտրություններ։ Զինված ուժերի Գլխավոր շտաբի այս քայլը դատապարտելի է։ Դա այն չէ, ինչ մեզ պետք է։ Միաժամանակ, Փաշինյանը անմեղ չէ։ Նա սադրիչ քայլեր է անում,  ասում այն, ինչ մտքին գալիս է, բայց չպետք է իրեն այդպես պահի։ Քարոզարշավը պոեզիա է, կառավարումը՝ արձակ։ Փաշինյանը երբեք չանցավ արձակին։ Խաղում է այս պոպուլիստական խաղը, անում է սադրիչ քայլեր ու գործողություներ, որոնք լավ մտածված չեն և չեն օգնում իրավիճակի հանգուցալուծմանը։ Նույնիսկ եթե Զինված ուժերին դատապարտենք իրենց այս քայլի համար և ասենք, որ սկզբունքորեն նրանք սխալ են, և սա չպետք է տեղի ունենար, դա Փաշինյանին չի ազատում պատասխանատվությունից, որովհետև նա ևս պատասխանատու է ստեղծված պահի համար։ Նա պետք է դառնա ամբողջ երկրի առաջնորդ, ոչ թե հեղափոխական պոպուլիստ խռովարար։ Այդ պահն արդեն անցել ենք։ 

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի