Իրանը նոր նախագահ ունի

Իրանի դատական իշխանության ղեկավար, Իրանի պահպանողական թևը ներկայացնող Էբրահիմ Ռայիսին հունիսի 18-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով դարձել է երկրի նոր նախագահը։

Ինչպես և կանխատեսվում էր՝ ընտրություններն անցել են աննախադեպ ցածր մասնակցության պայմաններում: Մոտ 59 միլիոն 300 հազար ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկել է շուրջ դրա կեսը՝ 30 միլիոնը: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Ռայիսին հաղթանակ է տարել 18 միլիոն ձայնով: 

2017թ. երկրի նախագահական ընտրություններին գործող նախագահ Հասան Ռուհանիի գլխավոր մրցակից Ռայիսիի այս տարվա ձայները նախորդ ցուցանիշը գերազանցում են 2 միլիոնով։ 

Էբրահիմ Ռայիսիին շնորհավորել է Իրանի դեռ գործող նախագահ Հասան Ռուհանին, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ղեկավարներ, որոնց թվում՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և այլք։