Ստացվել է 64 հաղորդում, հարուցվել է 1 քրեական գործ. դատախազություն

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկնարկից՝ ժամը 8։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 64 հաղորդման, հարուցվել է 1 քրեական գործ, այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ըստ հաղորդագրության՝ նշված ժամանակահատվածում ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրված ընդհանուր 64 հաղորդման և ահազանգի, որոնցից՝ 11-ը եղել է մամուլի հրապարակում, 28-ը՝ ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում նաև դատախազությունում առանձնացված թեժ գծի միջոցով ստացված հաղորդում, 2-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառում, 23-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագրերով ստացված 23 օպերատիվ տվյալներ:

«Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 38 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար:

Ընդհանուր 64 հաղորդումներից 26-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:

Հարուցվել է մեկ քրեական գործ և իրականացվում է նախաքննություն: