«Հայաստան» դաշինք․ Ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են

Second President of Armenia Robert Kocharyan during the protest march initiated by the 'Armenia' Alliance in the streets of Yerevan, Armenia

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

«Խորհրդարանական ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում:

Դրանք ծայրահեղ հակասության մեջ են մտնում հանրային կյանքի տարբեր դրսևորումների հետ, որոնց ականատեսն ենք եղել անցած 8 ամիսների ընթացքում, հանրային կարծիքի ուսումնասիրության բոլոր արդյունքների հետ՝ այդ թվում միջազգային, վերջապես՝ պարզ բանականության հետ: Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի խիստ բազմամարդ հավաքները և իշխանության ակնհայտ սակավամարդ միջոցառումները, երկրում առկա վստահության ճգնաժամը մատնացույց էին անում լրիվ այլ հանրային տրամադրությունների առկայությունը: Վստահության պակասի լրջագույն հիմք են հանդիսանում բուն ընտրության օրը տարբեր տեղամասերից եկող հարյուրավոր ահազանգերը, որոնք վկայում են ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Հայաստան» դաշինքը խնդիր է դնում արձանագրված և ենթադրվող խախտումների խորը և փաստարկված ուսումնասիրության, ինչին ձեռնամուխ ենք լինում անմիջապես: Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները», – նշված է հայտարարությունում: