Վերջ դնել հայհոյախոսությանը, սկսել քաղաքական խորհրդակցություններ․ Փաշինյան

Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 21-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք էր հրավիրել։

Ընտրությունների արդյունքներն ամփոփող հանրահավաքին ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է․ «Մենք վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի: Բայց պիտի արձանագրենք, որ պայմանները և միջավայրն այսօր էականորեն փոխված են։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը մեր կառավարությանը, քաղաքական այս թիմին տվել է մանդատ՝ երկրում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա: Ժողովուրդն իրականացրել է պողպատե հեղափոխություն»։

Փաշինյանը կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին վերջ դնել հայհոյախոսությանը։ Նա հայտարարեց, որ քաղաքական խորհրդակցություններ է սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն։

«Ուզում եմ կոչով դիմել քաղաքական և հանրային գործընթացի բոլոր մասնակիցներին. Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, Հայաստանի ժողովուրդն ստեղծել է նոր քաղաքական իրադրություն և նոր քաղաքական իրավիճակ: Եվ այդ իրավիճակի առաջին կետը և հանգրվանը հետևյալն է՝ ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային մասնակիցներին սկսել մեկ պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը: Ես առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին, կողմնակիցներին եմ կոչ անում, որ մենք վերջ դնենք հայհոյախոսությանը, որովհետև Հայաստանի և Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում, և մենք պետք է այդ էջն սկսենք ազգային և հանրային ներուժի համախմբմամբ, նոր արժեքների, իրապես ժողովրդավարական արժեքների, պետական և ազգային արժեքների վերահաստատմամբ։

Հաջորդը. ես ուզում եմ ասել, որ վաղվանից, վաղը առավոտվանից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն: Եվ ես նաև հույս ունեմ, որ ժողովուրդն այս մանդատը տալիս է ինձ, որովհետև մենք, այո՛, պիտի մեր երկրի և ժողովրդի պատմության այս փուլում գնանք մեր մշակութային, գիտական, տնտեսական, բիզնես լավագույն ներուժի, հանրային և քաղաքական լավագույն ներուժի համախմբմանը և ողջ ներուժը մեր երկրի, ժողովրդի, պետության, Հայաստանի և Արցախի անվտանգությանը և բարեկեցությանը ծառայեցնելուն: Նման երկխոսության կոչ եմ անում նաև բոլոր այն կառույցներին, սեգմենտներին, որոնց հետ այս ընթացքում բանավեճ և հակադրություն ենք ունեցել: Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը՝ ընդգծելով, որ դա չի կարող որևէ կերպ կասկածի տակ դնել ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունը՝ գործադրելու պողպատե մանդատը և Հայաստանում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել