Արցախ․ հացադուլ և ցույց՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով

Ամուսիններ Մերի Դավթյանն ու Դավիթ Ավանեսյանը հունիսի 21-ին հացադուլ են հայտարարել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Նրանք պահանջում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: 

«Պահանջը ինքնըստինքյան ենթադրվող է նույնիսկ: Այնքան բնական է՝ պարտված խորհրդանիշը, առավել ևս՝ Արցախի, հակաբնական է»,- ասում է Մերի Դավթյանը:  

Արդյոք հացադուլի առիթը Արայիկ Հարությունյանի հայտնվե՞լն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում:

«Դա խորքային խնդրի մակերեսն է: Իհարկե, երևի թե շնորհավորել պետք էր և կարելի էր՝ ինչքան էլ մեզ համար ընդունելի կամ անընդունելի լինի: Ձևը, եթե այդ ամենը գաղտագողի պիտի արվի, ուրեմն ինչ-որ մի բան ճիշտ չէ: «Անձնական հարցով եկել եմ Երևան»՝ պետական այրի ձևակերպում չէ»,- պատասխանում է Մերի Դավթյանը: 

Իսկ ամուսինը՝ Դավիթ Ավանեսյանը, ավելացնում է, որ իր մեղավորության չափ Արայիկ Հարությունյանը պիտի պատասխան տա.«Ինչքան մեր Սահմանադրությունն ու սահմաններն են լղոզված, այդքան էլ երկրի ղեկավարն է լղոզված: Ապագա չկա էս մարդու հետ: Ինքը ժողովրդին ոչինչ չի ներկայացնում»:

Մերին ավելացնում է, որ երկրի նախագահը այսքան ժամանակ երբևիցե բաց չի խոսել ժողովրդի հետ. «Առանձին կոլեկտիվների հետ հանդիպումներ է ունեցել, բայց բաց խոսք պետք է չէ՞ էս ժողովրդի հետ, ինչ-որ որոշակիություն պետք է չէ՞ հայտնել՝  «ի՞նչ եմ մտադիր անել ձեզ հետ էսքանից հետո»: Անվտա՞նգ ենք ապրելու, թե՞ չէ: Փողոցում հանդիպելիս ասում է՝ հա, լավ է լինելու: Դա պետություն չէ, քիչ թե շատ էդ զգացողությունը 28-30 տարիներին ունեցել ենք: Հավատում էինք, որ դա ենք կառուցում»:

Հացադուլի վերաբերյալ Մերին ասում է, որ այնքան կպահեն, որքան առողջությունը թույլ տա։

Մերի Դավթյանը եղել է «Արցախթայմս» ինտերնետ հարթակի, ինչպես նաև Արցախի հանրային հեռուստատեսության տնօրենը: Ներկայում «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ նախագահն է:

Հունիսի 21-ին նույն հրապարակում Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույց է տեղի ունեցել: «Ստեփանակերտցիների համբերության բաժակը լցվեց այն բանից հետո, երբ Արայիկ Հարությունյանը հայտնի շինարար Արման Հակոբջանյանի ուղեկցությամբ հունիսի 20-ի երեկոյան այցելեց ՔՊ նախընտրական շտաբ»-, հայտնում է ՀՅ Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի պաշտոնական «Ապառաժ» կայքէջը: Իսկ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ցուցարարներին հավաստիացրեց, որ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին Երևանից վերադառնալու է Ստեփանակերտ։

Հունիսի 20-ին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, Factor.am-ն արձանագրել էր, որ Արայիկ Հարությունյանը քվեների արդյունքների ամփոփման ընթացքում ժամանել էր «Քաղաքացիական պայմանագրի» շտաբ։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ Հարությունյանը նշել էր, որ անձնական հարցերով է Երևանում:

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ