ԱՄՆ-ն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին ընտրությունների կապակցությամբ

Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Նա ողջունել է ընտրությունների դիտարկման ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ընդհանուր դրական գնահատականը, ըստ որի՝ պահպանվել են ընտրողների իրավունքները և հիմնարար ազատությունները, մասնակիցները կարողացել են ազատորեն մասնակցել նախընտրական քարոզարշավին, իսկ ընտրությունների օրը ձայների հաշվարկը գնահատվել է դրական:

«Մենք կիսում ենք ԺՀՄԻԳ-ի մտահոգությունը՝ կապված առանցքային մասնակիցների միջև խիստ բևեռացման և հրահրիչ հռետորաբանության հետ։ Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուղղություններին հարող հայերին հարգել ընտրությունների արդյունքները՝ դրանց հաստատումից հետո, օգտագործել ընտրությունների վերաբերյալ բողոքների քննարկման իրավական գործընթացը՝ մտահոգություններ առաջացնող խնդիրների լուծման համար, և խուսափել քաղաքական վրեժխնդրությունից, քանի որ Հայաստանը շարունակում է ձգտել ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի»,- նշված է հայտարարությունում։

Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի հետ ընդհանուր ժողովրդավարական արժեքների հիման վրա գործընկերության ամրապնդմանը։

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կողմից բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում արձանագրված առաջընթացը և կոչ ենք անում Հայաստանին շարունակել այդ ճանապարհով ընթանալ՝ 2018-ի գարնանը հայ ժողովրդի արտահայտած իղձերին համապատասխան: Կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել իրավունքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները և հույս ունենք համագործակցել նոր կառավարության հետ ՝ մեր երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը զարգացնելու նպատակով»,- ասել է պետդեպարտամենտի խոսնակը։

Մեկնաբանել