Բանակցություններ՝ ադրբեջանական զինուժի դուրսբերման և ռուս սահմանապահների տեղակայման շուրջ․ Դավթյան

Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներին հանելու ուղղությամբ այս պահին ընթանում են բանակցություններ՝ ռուսական կողմի մասնակցությամբ։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ վերահաստատելով կառավարության այն դիրքորոշումը, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ եղանակով։

«Նպատակը կա՝ առանց բախումների մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հետքաշումն է, և ամբողջությամբ մեր տարածքում պետք է իրականացնենք միջոցառումներ՝ մենք առաջնային դեպքում համագործակցելով ռուսական կողմի հետ»,- ասել է Դավթյանը։

«Լուրերի» լրագրողի այն ճշտմանը, թե հենց ռուս սահմանապահների մասին է խոսքը գնում, թե այլ երկրի ուժերի տարբերակը կարող է քննարկվել, Դավթյանը կարճ արձագանքել է. «Ռուս սահմանապահների մասին է գնում խոսքը»։

***

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Ադրբեջանական ուժերը մինչև այսօր չեն հեռացել։ Ադրբեջանը պնդում է, որ ձգտում է սահմանազատում իրականացնել, և Հայաստանն «ուռճացնում է» իրադրությունը։ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։