Շուռնուխ, Կութ, Ոսկեպար. պատերազմից տուժած գյուղերում ընտրել են Փաշինյանին

Գևորգ Թոսունյան

Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի մի շարք համայնքներ հայտնվեցին բարդ իրավիճակում։ Խոսքն այն համայնքների մասին է, որոնք տուժեցին Հայաստանի հետ սահմանակից՝ Արցախի շրջանները Ադրբեջանին հանձնելուց հետո։

Գեղարքունիքում ու Սյունիքում մի շարք սահմանամերձ համայնքներ կորցրին արոտավայրեր ու դաշտավայրեր, իսկ Շուռնուխում 12 ընտանիք՝ տները։

ՍիվիլՆեթն ուսումնասիրել է, թե այս համայնքներում որքան ձայն են հավաքել խորհրդարան անցած երեք ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները։

Երեք համայնքներում էլ առաջատարը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն է»։

Սյունիք

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում, որը հայտնի է ընդդիմադիր կեցվածքով, քվեարկությանը մասնակցած 115 հոգուց 51-ը ձայնը տվել է ՔՊ-ին, 40-ը՝ «Հայաստան» դաշինքին, 3-ը՝ «Պատիվ ունեմ»-ին։

Պատերազմից հետո սահմանամերձ դարձած Որոտան գյուղում 163 ընտրողներից «ՔՊ»-ին ձայն է տվել 105-ը, «Հայաստան» դաշինքին 43-ը, և միայն մեկը՝ «Պատիվ ունեմ»-ին։

Սյունիքի Ճակատեն գյուղ տանող ճանապարհը, ինչպես Շուռնուխինը և Որոտանինը, պատերազմից հետո դարձել է վիճահարույց՝ մտնելով Ադրբեջանին անցած տարածքներ, ու հսկվում է ռուսական սահմանապահ ուժերի կողմից։ 

Այս գյուղում 129 հոգի է մասնակցել ընտրության, որոնցից 82-ն է ձայն տվել ՔՊ-ին, իսկ 19-ը՝ «Հայաստան դաշինքին»։ «Պատիվ ունեմ»-ն այս գյուղում ունի 1 ձայն։ 

Ընդհանրապես, մենք դիտարկել ենք 27 ընտրատեղամաս։ «Պատիվ ունեմ» դաշինքը այդ ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում ունի ցածր ձայներ, 17 ընտրատեղամասում նրա ձայները չեն անցնում 10-ը, և բոլոր ընտրատեղամասերում զիջում է ՔՊ-ին։ Իսկ «Հայաստան» դաշինքին անցնում է միայն Սյունիքի Տեղ համայնքում՝ 162 ձայն համեմատ «Հայաստան» դաշինքի 122 -ի։ ՔՊ-ն Տեղ գյուղում 952 ընտրողներից ստացել է 591 ձայն։ Ի դեպ, Տեղը երրորդ նախագահ և Պատիվ ունեմ դաշինքի համահիմնադիր Սերժ Սարգսյանի պապական գյուղն է։

Քաղաքացիական պայմանագիրը բարենպաստ դիրքեր է զբաղեցրել նաև Գորիսի հարակից գյուղերում։

Մայիսի 12-ին ադրբեջանցիները ներխուժեցին Սյունիքի, ապա Գեղարքունիքի մարզերի տարածք։ Սյունիքում հակառակորդը խախտել էր սահմանը Սև լճի մոտ։ Այս լճին ամենամոտ համայնքները Ակներն ու Վերիշենն են, որոնք կպած են Գորիս քաղաքին։ 

Վերիշենում քվեարկությանը մասնակցել է 1 374 հոգի, որից 671-ն ընտրել է ՔՊ, իսկ 305-ը «Հայաստան» դաշինք։ «Պատիվ ունեմ»-ին ձայն է տվել 52 հոգի։ 

Ակներում, որը դեպի Սև լիճ տանող վերջին համայնքն է, 535 ընտրողներից 370-ը ձայն է տվել ՔՊ-ին, 44-ը՝ «Հայաստան» դաշինքին, 25-ը՝ «Պատիվ ունեմ»-ին։

Սյունիքի մարզի Արավուս համայնքում, որի 54 հեկտար տարածքը պատերազմից հետո անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, ՔՊ-ին ընտրել է քվեարկածների կեսից ավելին՝ 80-ից 46-ը, Հայաստան դաշինքին քվե է տվել 16 մարդ, իսկ «Պատիվ ունեմ»-ին՝ 9։ ՔՊ-ն հաղթել է նաև սահմանամերձ մյուս գյուղերում՝ Խոզնավարում, Խնածախում, Խնձորեսկում և Ներքին Խնձորեսկում։

Գեղարքունիք

Գեղարքունիքի մարզի առնվազն չորս գյուղերում իրավիճակը ևս մայիսի 12-ից հետո լարվեց, երբ ադրբեջանական զինուժը խախտեց Հայաստանի ինքնիշխան տարածքն ու մոտեցավ համայնքներին։ Այս ամենի արդյունքում Կութ, Վերին Շորժա, Նորաբակ համայնքները հայտնվեցին այնպիսի իրավիճակում, որ չէին կարողանում լիարժեք օգտագործել իրենց արոտավայրեն։ Ռռիսկի տակ էին նաև խոտհարքները։

Կութում քվեարկության մասնակից 364 ընտրողներից 181-ը ձայնը տվել է ՔՊ-ին, 107-ը՝ «Հայաստան» դաշինքին, 7-ը՝ «Պատիվ ունեմ»-ին։ Նորաբակում հաղթել է «Հայաստան» դաշինքը՝ ստանալով 63 ձայն 117-ից, իսկ ՔՊ-ն ստացել է 37 ձայն։ 

Վերին Շորժա, Այրք ու Ներքին շորժա գյուղերում, որոնք գտնվում են սահմանամերձ հատվածում ընտրական տեղամասեր չկան, սակայն այս համայնքներին ամենամոտը Վարդենիսին հարակից Ակունք համայնքի երկու ընտրական տեղամասերն են, որտեղ քվեարկել է 858 անձ։ ՔՊ-ին ձայն է տվել 457 անձ, իսկ Հայաստան դաշինքին 107, «Պատիվ ունեմ»-ին 105, ընդ որում՝ ընտրական տեղամասերից մեկում՝ 21/55-ում, «Հայաստան դաշինքը» ոչ մի ձայն չի ստացել։

Տավուշ

Մայիսի 20-ին հայ հանրությանը հայտնի դարձավ, որ շրջանառվում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքների դելիմիտացիայի և դեմարկացիայի համար հանձնաժողով ստեղծելու փաստաթուղթ։ Թեև այն նախատեսված չէր բուն սահմանազատումն իրականացնելու համար, սակայն նախապատրաստական աշխատանքների նպատակով գործողություններ էր ներառում։ Այս փաստաթղթի շրջանառման համատեքստում սկսվեց քննարկվել անկլավների հարցը։ ՍիվիլՆեթը դիտարկել է նախկին անկլավային և «անկլավամերձ»երկու համայնքների արդյունքները։ 

Բաղանիսում 388 անձի ճնշող մեծամասնությունը 274-ը ձայնը տվել է ՔՊ-ին, իսկ 71-ը՝ «Հայաստան» դաշինքին։ Ոսկեպարում կրկին նույն իրավիճակն է՝ ճնշող մեծամասնությունը (քվեարկությանը մասնակից 359 անձից 285-ը) ընտրել է 3-րդ համարը, իսկ 41-ը «Հայաստան» դաշինք։ «Պատիվ ունեմ»-ը այս երկու համայնքներում ցածր ձայներ է ստացել։

Արարատ՝ Տիգրանաշեն (Քյառքի)

Տիգրանաշենը խորհրդային տարիներին եղել է Նախիջևանի անկլավ։ Այս համայնքում ընտրական տեղամաս չկա, սակայն դրան ամենամոտը Պարույր Սևակ համայնքի տեղամասն է՝ 13/50-ը, որտեղ ՔՊ-ին ձայն է տվել 196 հոգի, «Հայաստան» դաշինքին՝ 23, իսկ «Պատիվ ունեմ»-ին՝ 12։

Ամփոփում

Այսպիսով՝ բոլոր այն համայքները, որոնք հայտնվել են ծանր իրավիճակում պատերազմից հետո կամ էլ որոնց ճակատագիրը անորոշ է, նախընտրել են ձայն տալ իշխող կուսակցությանը, թերևս չհավատալով ընդդիմադիր ուժերի այն պնդումներին, թե նման իրավիճակում են հայտնվել մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարող ուժի պատճառով։