Նիկոլ Փաշինյանը քաղաքական խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է Արամ Սարգսյանի հետ

Վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Դրանց շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Այսօրվա մեր հանդիպման հիմնական թեման՝ կուզեի լսել Ձեր պատկերացումները ներքաղաքական կյանքի, հետագա զարգացումների վերաբերյալ, Ձեր կուսակցության և անձամբ Ձեր պատկերացումները անելիքների վերաբերյալ, թե ինչպես եք տեսնում «Հանրապետություն» կուսակցության և կառավարության, խորհրդարանական մեծամասնության հարաբերությունները: Նաև նախկին շրջանի փորձից ինչն է, որ Ձեզ անհանգստացրել է և ինչ պատկերացումներ ունեք, որպեսզի մենք քաղաքական դաշտում կարողանանք ավելի համագործակցային ու պոզիտիվ դաշտ ստեղծել. պոզիտիվ՝ ոչ թե կառավարության նկատմամբ, այլ պոզիտիվ, որպեսզի փոխադարձաբար ավելի լսելի լինեն կառավարությունն ու արտախորհրդարանական ուժերը, որովհետև, կարծում եմ, որ իսկապես լսելիությունը շատ կարևոր է: Ակնհայտ է, որ կան գաղափարներ, կան առաջարկներ, մտքեր, որոնք աղմուկի մեջ կորում են և չեն լսվում: Այս թեմաներով կուզեի խոսեինք մանրամասն և տեսնեինք, ինչքանով են համընկնում մեր պատկերացումները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Արամ Սարգսյանը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատարին ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ և մաղթել է բեղմնավոր աշխատանք:

«Մեզ համար գերկարևոր է Հայաստանի անկախությունը, այդ անկախության գիծն անընդհատ պահելու գործընթացը, որը մենք պահում ենք արևմտյան մոտեցումներ ներկայացնելով, արտաքին քաղաքական դաշտը բալանսավորելով: Սա համարում ենք շատ կարևոր ու գտնում ենք, որ դրանով թե՛ պետությանը, թե՛ արտաքին քաղաքականությամբ զբաղվող քաղաքական գործիչներին բավականին օգնած կլինենք: Ու հակված ենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները շարունակել: Նաև տնտեսական դաշտում են առաջարկները, ինչ կլինեն, սիրով կներկայացնենք կառավարությանը, փորձենք հետամուտ լինել, որ դրանք տեղ հասնեն ու իրականություն դառնան, իսկ եթե մերժվում են, ապա հիմնավոր մերժվեն և այդ մերժումները կարողանանք բացատրել նաև մեր գործընկերներին, որ բիզնեսը չնեղանա»,- նշել է Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել