Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է «Բելտան»։

«Ձեր նպատակասլացությունն ու հայ ժողովրդի շահերին հավատարիմ ծառայելը դարձել են երկրի համար կարևորագույն հասարակական-քաղաքական արշավում հաջողության հասնելու գրավականը»,- նշել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Մինսկի և Երևանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում այսուհետ ևս կզարգանա՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարեկամության և բարգավաճման: