Ռուս խաղաղապահները հուսալի երաշխավորում են խաղաղությունը Ղարաբաղում. Պուտին

Ռուսաստանը վճռական ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում։ Այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձում, որն ուղղվել է հունիսի 23-ին մեկնարկած՝ միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 9-րդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին:

«Ռուս խաղաղապահներն այսօր հուսալի երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, շատ բան են անում հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքների ականազերծման և Ղարաբաղում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար»,- նշել է Պուտինը:

«Ռուսաստանի վճռորոշ ավանդի շնորհիվ դադարեցվել է հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։ Ռուսաստանը երբեք չի մոռանում այն պատասխանատվության մասին, որը կրում է հարևան երկրների անվտանգության և բարգավաճման համար, որոնց հետ մեզ մերձեցնում են պատմական, մշակութային, մարդկային անքակտելի կապերը», – ասել է ՌԴ նախագահը։

Մոսկվան մտադիր է հետագայում ևս նպաստել լարվածության թուլացմանը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, խաղաղության և կայունության ամրապնդմանը եվրասիական տարածքում: ՌԴ նախագահը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը գլոբալ անվտանգության ապահովման կարևոր ասպեկտ է համարում, և Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է դրան:

Մեկնաբանել