Ստեփանակերտի հրապարակ․ Արայիկ Հարությունյանի ուղերձն ու նրա հրաժարականի պահանջը

Հունիսի 22-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաք էր՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Առիթը Արայիկ Հարությունյանի այցելությունն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ։ Հավաքը պետք է կայանար ժամը 19։00-ին, բայց Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ժամը 18։00-ին ելույթ կունենա հրապարակում։ Մինչև ժամը 19։00-ն ավարտելով ելույթը՝ Հարությունյանը խնդրել է ներկաներին իր հետ գնալ Եղբայրական գերեզմանոց և ծաղիկ դնել նահատակված հերոսների շիրիմներին։ Հավաքը այդուհանդերձ կայացավ, իսկ Արայիկ Հարությունյանը չներկայացավ՝ ժողովրդի հարցերին պատասխանելու։ Հավաքի կազմակերպիչներին զանգահարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ տեղեկացնելով, որ Արայիկ Հարությունյանը պատրաստ է հանդիպել ցույցի մասնակիցներին ցանկացած վայրում, բացի փողոցից։ Կազմակերպիչները մերժել են առաջարկը՝ ասելով, որ նախագահի հետ կխոսեն միայն ժողովրդի առաջ։