Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տիգրան Արզաքանցյանի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում այսօր՝ հունիսի 23-ին, ընդունել է Տիգրան Արզաքանցյանին:

«Հարգելի պարոն Արզաքանցյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Շնորհակալ եմ հանդիպման հրավերն ընդունելու համար: Ցավում եմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում անձամբ Ձեր թեկնածության գրանցումն ուժը կորցրած ճանաչվեց: Հույս ունեմ՝ վստահ եք, որ դա Հայաստանի օրենսդրության նրբությունների հետ է կապված, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումն է: Այնուամենայնիվ, ես այսօր կարևոր եմ համարում քննարկումը հետագա թեմաների մասին: Ձեր տեսակետները կուզենայի լսել՝ ինչ պետք է մենք անենք, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի և հասանելի լինեն միմյանց համար: Կուզենայի նաև Ձեր դիրքորոշումներն իմանալ Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ»,- ասել է Փաշինյանը։

Տիգրան Արզաքանցյանը հույս է հայտնել, որ նոր կառավարության հետ կկարողանա քննարկել Արցախի, կրթության, տնտեսության զարգացման հարցերը։

«Ես ինձ համարում եմ հայրենասեր հայ և կուզենայի անձամբ իմ հայրենիքի համար իմ գիտելիքներն ու ծրագրերը, ներդրումները, որ ժամանակին կատարել եմ, լինեն արդյունավետ, մեր երկրին ծառայեն, այսօրվա իշխանության հետ բանակցությունները կշարունակվեն: Մենք կուզենայինք բոլոր այդ խնդիրների շուրջ համագործակցել, բանակցությունները լինեն շարունակական և արդյունավետ մեր երկրի զարգացման համար: Ամենակարևորն անվտանգությունն է, տնտեսության զարգացումը, ընտրությունները գալիս-գնում են, վերջանում են, դրանով չի վերջանում կյանքը: Մենք պետք է շարունակենք, որ, ամենակարևորը, կարողանանք մեր երկրի անունը բոլոր տեղերում բարձր պահել ու զարգացնել: Այս ընտրության արդյունքներն էլ արդեն բոլորիս համար պարզ են: Դրանով, կրկին ասում եմ, կյանքը չի վերջանում: Մենք պատրաստ ենք արդյունավետ համագործակցել ու քննարկել բոլոր հարցերը»,- ասել է Արզաքանցյանը։