«Երեք օրում գերիներին վերադարձնելու» խոստման հիշեցում Վանեցյանին

«Եթե մենք, ի վերջո, որոշում կայացնենք գնալ խորհրդարան, միանշանակ օգտագործելու ենք խորհրդարանում մեր լծակները, մեր հնարավորությունները, և զբաղվելու ենք թե՛ գերիների, թե՛ անվտանգային համակարգի վերականգնման հարցով»․ այսպես պատասխանեց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով «երեք օրվա ընթացքում» գերիներին վերադարձնելու իր խոստման մասին հարցին։

ՍիվիլՆեթի հարցադրմանը՝ թեև «Պատիվ ունեմ»-ը չկարողացավ իշխանություն դառնալ, սակայն հայտնվել է կառավարության գործունեությունը վերահսկելու և այլ գործիքակազմերին տիրապետող խորհրդարանում, ինչպե՞ս են պատրաստվում ապահովել գերիների վերադարձը և արդյոք կան ժամկետներ, Արթուր Վանեցյանը պատասխանեց շուրջ երեք րոպե, որից ընդամենը տասը վայրկյանն էր առնչվում գերիների ազատ արձակման գործողություններին։ Պատասխանի մնացած մասը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գործունեությանը։

Փետրվարին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավքից առաջ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ «գերիների հարցը կարելի է լուծել 3 օրում՝ անձնական կապերի միջոցով և պետական լծակները օգտագործելով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել