Գուցե սուտ է Արցախը, Արցախը — չկա

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

«Արցախը Հայաստան է, և վերջ»․ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 2019-ի օգոստոսի 5-ին հնչեցրած պոպուլիստական լոզունգից ընդամենը մեկ տարի անց սյուժեն փոխվեց 180 աստիճանով: Թերևս ֆլեշֆորվարդի ոճով կարելի էր ֆիլմի սկզբում դնել ստեփանակերտյան այսօրվա ցույցերը և ամենավերջում կցել Նիկոլ Փաշինյանի կոկորդից դուրս թռչող «Արցախը Հայաստան է, և վերջ»-ը: Ինչո՞վ է վատ որպես «ողբերգազավեշտ» ժանր:

Այդ օրը Ստեփանակերտի հրապարակում իրոք կային գաղափարական «Արցախը Հայաստան է, և վերջ»-ականներ: Բայց մեկնումեկը հարց տվե՞լ է՝ այդ ե՞րբ է Փաշինյանը ազգալդյանական արտահայտության կրողը եղել: «Հայկական ժամանակի» թերթերում ե՞րբ է գրել «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Օբյեկտիվ պատճառները մի կողմ թողնելով. ֆլեշֆորվարդի ոճով մեր ողբերգազավեշտի սկզբում կարելի է տեղավորել, թե այսօր ինչպես են մեռնում «Արցախ» ու «վերամիավորում» գաղափարները: Թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ իրական կյանքում սկսում ես առեսերվել այն մարդկանց, որոնք գրեթե բացահայտ ասում են, որ մեր 32-ամյա պայքարը հիմար արկածախնդրություն էր: Եվ ակամայից մտածում ես՝ վե՛րջ, «անվերապահ կապիտուլյացիա», «խաղն» ավարտված է: Միգուցե իրոք այդպես է, «խաղն» ավարտվել է:

Վերադառնալով Ստեփանակերտի այսօրվա Վերածննդի հրապարակ. թերևս Երևանից պատրանք է ստեղծվում, թե ցուցարարների առկայությունը հրապարակում խոսում է Արցախի լինելիության մասին: Միգուցե և հենց իրենք՝ ցուցարարները, չգիտեն, որ Արցախը չկա, եթե կա էլ, ապա աղճատված, տձևացած վիճակում:

Իսկ հիմա արցախաբնակների ու հայաստանաբնակների անըմբռնելիության անդունդի մասին, որ կտրուկ խորացել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո:

Լայն զանգվածները բացատրում են նրանով, որ ղարաբաղցիները նեղացել են «ղարաբաղցի Քոչարյանին» մերժելու համար: Իրականում խնդիրը ավելի խորքային է: Արցախում Փաշինյանի հաղթանակը ընկալում են ոչ թե որպես միայն Քոչարյանի մերժում, այլ ավելի շատ Մայր Հայաստանի կողմից «երեխայի» լքում: Այն, ինչ կատարվում է Արցախում, կարելի է բնութագրել որպես երեխայական դառնության դրևսորում:

Հասկանալի է, որ Մայր Հայաստանն էլ է տկար այսօր, մասնավորապես, տկար այն պատճառով, որ մասնատել են իր մինուճար ու ուժեղ զավակին:

Որպես հակափաստարկ բերում են այն օրինակը, որ Հայաստանը մեծ գումարներ է ուղղում Արցախ պատերազմի հետևանքները վերացնելու համար: Խոսքը գաղափարի մասին է, ոչ թե նյութականի: Այդ գումարների ուղղումը կարելի է բացատրել սոսկ խղճահարությունից դրդված՝ գումարների ուղղում հայկական անկլավ: Կամ էլ գաղափարականից հրաժարումը փոխհատուցելով նյութականով: Սա զուտ որպես շարքային արցախցու սուբյեկտիվ ու ընդհանրական ընկալում եմ ներկայացնում:

Միգուցե և իզո՞ւր եմ այսքան սևացնում թուղթը, պարզապես պատճառն այն է, որ Ադրբեջանի հարվածից դեռ ուշքի չի եկել Հայաստանը: Բայց որքան էլ ցավալի լինի՝ Հայաստանի կողմից Արցախից հրաժարման, «բեռից ազատման» ընկալում կա։ Գուցե ընդհանրապես հարկավոր է լինել իրատես, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է ասել վերջին հարցազրույցում:

Իսկ հիմա անցնենք Արցախին:

Արցախում եղած պատկերը շավ ավելի տխուր է, քան կարելի է պատկերացնել: 1991 թվականին Արցախի Գերագույն խորհրդի հայտնի նիստում Մուրադ Պետրոսյանն ասում էր․ «Ստեղ 90 տոկոսը լահանդի ընտրված մարդիկ ըն, Գևորգովին վախտը ավելի լյավ պառլամենտ ա իլյալ, իմ կարծիքավ, քան հիմա ա» («Ասյտեղ 90 տոկոսը, իմ կարծիքով, հենց այնպես են ընտրվել: Կևորկովի ժամանակ ավելի լավ պառլամենտ էր, քանի հիմա»): Հետաքրքիր է՝ ի՞նչ կասեր Մուրադ Պետրոսյանը այսօրվա խորհրդարանի մասին:

Այն ժամանակ Գերագույն խորհրդի պատգամավորներ էին Իգոր Մուրադյանը, Արթուր Մկրտչյանը, Էմիլ Աբրահամյանը, Ռոբերտ Քոչարյանը, Մելիք Շահնազարյանը, Գեորգի Պետրոսյանը և այլք: Առաջին գումարման խորհրդարանի տասը պատգամավոր է զոհվել առաջին պատերազմում (ճիշտ է, նրանց մի մասը դաշտային հրամանատարներ էին):

Թերևս Արցախի պատմության մեջ ամենաթշվառ խորհրդարանն է այսօրվանը․ նրանց մի մասը նույնիսկ խոսել չգիտի։ Նոյեմբերի 9-ից հետո չի փոխվել նրանց գլուխներում պտտվող հին սկավառակը՝ «Արցախը պետք է դառնա բանակցության կողմ»: Այնպես չէ, որ պատկերը ուրախալի է խորհրդարանից դուրս: Այս ճգնաժամը ի ցույց է դրել Արցախում տիրող քաղաքական մտքի սնանկությունը:

Հաղթանակից հետո ու մինչ օրս դիմազրկված ու գաղափարազրկված Արցախի խորհրդանիշն է դարձել Արայիկ Հարությունյանը: Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո Արցախում ավանդական «մտրակ և բլիթ» նախընտրական գործիքից հանվեց «մտրակը», տակը մնաց «բլիթը», ավելի շուտ՝ «ժեշտը» (ընտրակաշառքի չափման միավոր Արցախում): Վերջինս ժողովրդին մեղադրում է, որ չեն գնացել հանուն հայրենիքի զոհվելու, այդ իսկ պատճառով պարտվել ենք: Եթե մարդիկ «ժեշտի» դիմաց գալիս են ընտրատեղամաս, «ժեշտի» դիմաց երբեք պատերազմ չեն գնալու: Ի դեպ, որտե՞ղ են Արայիկ Հարությունյանի հադրութցի «գաղափարակից» ընկերներ Վանոն և Կամո Աղաջանյանը:

Որպես վերջաբան՝ կցանկանայի վերաձևակերպել դասականին. «Գուցե սուտ է Արցախը, Արցախը — չկա… Գուցե — հուշ է միայն, — ֆիկցիա, միֆ։ — Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն…»։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին:

Մեկնաբանել