Արմեն Չարչյանը 1 ամսով կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 23-ին բավարարել է «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Չարչյանը կալանավորվել է 1 ամսով։

«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտել է Արմեն Չարչյանին կալանավորելու որոշումը․ ««Հայաստան» դաշինքը իր ընտրական ցուցակի 20-րդ համար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորումը գնահատում է որպես բացահայտ քաղաքական հետապնդում, որը կիրառվում է փաստացի ընտրություններից ամիջապես հետո ձևավորված խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի դեմ։ Իրենց այս և անցած օրերին գրանցված այլ քայլերով իշխանությունները շատ ուղիղ ցույց տվեցին, որ նվիրված են մնում երկիրը ապօրինություններով կառավարելու, իսկ իրականում՝ պետությունը քայքայելու գործելաոճին»,- ասված է դաշինքի հայտարարությունում։

Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուք իր էջում հայտնել է, որ Արմեն Չարչյանը մինչև կալանավորման որոշման հրապարակումը շտապօգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց։

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) որոշմամբ Չարչյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին։ Ըստ ՀՔԾ հայտարարության՝ նա իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Մեկնաբանել