Պուտինն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը

Հունիսի 23-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի միջև:

Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ Ալիևի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցում կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի Հայաստանի ղեկավարների միջև 2020թ. նոյեմբերի 10-ի և 2021թ. հունվարի 11-ի համաձայնագրերի իրագործմանն ուղղված գործնական քայլերը:

«Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասի տնտեսական կապերով և հաղորդակցությունների ապաշրջափակմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Ալիևն ու Պուտինը անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերին՝ պայմանավորվելով Բաքու-Մոսկվա ռազմավարական համագործակցությունը խորացնելու շուրջ:

Հունիսի 23-ին հեռախոսազրույց են ունեցել նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը, որոնք նույնպես անդրադարձել են եռակողմ երկու հայտարարությունների կետերի իրագործմանը:

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել