«Հայաստանը մի քանի քայլ առաջ է Վրաստանից»․ հայացք Թբիլիսիից՝ Հայաստանի ընտրություններին

Վրաստանում ուշադիր հետևել են հայաստանյան խորհրդարանական ընտրություններին և նախընտրական ու հետընտրական գործընթացներին: Հատկապես երկրի ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը, որը համակրում է Նիկոլ Փաշինյանին, զուգահեռներ են անցկացրել Վրաստանում նախորդ 2020-ի հոկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների հետ: 

Գիորգի Կանաշվիլին

Կոնֆլիկտաբան, տարածաշրջանային հարցերով փորձագետ Գիորգի Կանաշվիլին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է, որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ համակրանքը պայմանավորված է նրանով, որ մարդիկ նրան ընկալում են որպես արևմտամետ գործիչ: 

Որքան ժողովրդավար լինի Հայաստանը, այնքան ավելի լավ Վրաստանի և տարածաշրջանի համար։

«Փաշինյանի հանդեպ Վրաստանում համակրանք կա, քանի որ նաև համարվում է ժողովրդավար քաղաքական գործիչ, իսկ Վրաստանում գտնում են, որ որքան ժողովրդավար լինի Հայաստանը, այնքան ավելի լավ Վրաստանի և տարածաշրջանի համար»,- ասում է Կանաշվիլին: 

Փորձագետը նաև պնդում է, որ հայ-վրացական հարաբերությունները է՛լ ավելի կխորանան Փաշինյանի իշխանության օրոք։

Վրաստանի համեմատ ամենահետաքրքիրն այն էր, որ նախկին բոլոր նախագահները մասնակցում էին ընտրություններին:

Զազա Աբաշիձեն՝ կենտրոնում, Երևան

Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները լուսաբանող վրաց լրագրողներից մեկը՝ Զազա Աբաշիձեն, որն ավելի քան մեկ շաբաթ գտնվել է Հայաստանում և լուսաբանել ընտրություններն ու նախընտրական քարոզարշավը, ասում է, որ Վրաստանի համեմատ ամենահետաքրքիրն այն էր, որ նախկին բոլոր նախագահները մասնակցում էին ընտրություններին:

«Վրաստանում, ցավոք, ռևանշիզմը չի ավարտվում: Չնայած նրան, որ Հայաստանում նախկին նախագահների կալանավորման փորձեր են եղել, միևնույն է, բոլորը Հայաստանում էին և մասնակցում էին ընտրություններին: Սա մեզ համար փոքր ինչ անսովոր է»,- ասում է Աբաշիձեն՝ նկատի ունենալով, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեռակա դատապարտված է և չի կարող Վրաստան գալ, իսկ առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան՝ սպանված: 

Վրաստանի համեմատ՝ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավելի կազմակերպված էր աշխատում: 

Աբաշիձեն նաև ասում է, որ Վրաստանի համեմատ՝ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավելի կազմակերպված էր աշխատում: 

«Հաշվարկները ուղիղ եթերում էին, ԿԸՀ-ն նախնական արդյունքները շատ ավելի շուտ հայտարարեց, քան, օրինակ, 2020 թվականին Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ: Սա, կարծում եմ, թափանցիկության լավ օրինակ է: Եթե կարճ ասեմ՝ Հայաստանը այս տեսանկյունից մի քանի քայլ առաջ է Վրաստանից:

«Թափանցիկությունը, ֆինանսները, մեդիան, ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու համար անհրաժեշտ այլ բաղադրիչները պաշտպանված էին՝ ի տարբերություն Վրաստանի: Ինչպես նաև, ըստ իս, ընտրություններում հիմնական խախտումներն անում էին ընդդիմության, մասնավորապես, Քոչարյանի համակիրները: Սա նույնպես տարօրինակ է մեզ համար»,- պնդում է Աբաշիձեն: 

Վերջինս նաև հավելում է՝ վրաց հասարակությունը Փաշինյանի մեջ տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել Վրաստանում: 

«Երիտասարդ, էներգիայով լի: Վրաց հասարակությունը ցանկանում է Փաշինյանի նման մեկին տեսնել Վրաստանի իշխանության գլխին»,- ասում է լրագրողը։

Եթը նախկինում համարվում էր, որ Վրաստանը տարածաշրջանի ժողովրդավարության կենտրոնն է, հիմա այս կատեգորիային է պատկանում նաև Հայաստանը: Սա արդեն երկրորդ ազատ և ժողովրդավար ընտրությունն էր։

Ակա Զարքուան հարցազրույց է վերցնում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից

Հայաստանյան ընտրությունները լուսաբանած մեկ այլ լրագրող, «Ռեալպոլիտիկա» պարբերականի գլխավոր խմբագիր Ակա Զարքուան ասում է, որ իր համար ամենահետաքրքիրն այն էր, որ չնայած պատերազմում կրած պարտությանն ու հաշվի առնելով, որ բոլոր երեք նախկին նախագահները Փաշինյանի դեմ էին, միևնույն է՝ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը հաղթեց: 

«Եթը նախկինում համարվում էր, որ Վրաստանը տարածաշրջանի ժողովրդավարության կենտրոնն է, հիմա այս կատեգորիային է պատկանում նաև Հայաստանը: Սա արդեն երկրորդ ազատ և ժողովրդավար ընտրությունն էր»,- ասում է Զարքուան: 

Նորիկ Գասպարյան, Թբիլիսի