Պատերազմում զոհված 19-ամյա Արտակի և Էրիկի վերջին ցանկությունը իրականացրել են նրանց հայրերը

Արևածագցիներ Էրիկ Աբրահամյանը և Արտակ Սուքիասյանը մանկության ընկերներ էին: Նրանք միասին 12 տարի սովորել են գյուղի դպրոցի նույն դասարանում: Դպրոցն ավարտելուց հետո ընկերները նույն օրը՝ հուլիսի 8-ին, մեկնել են զինվորական ծառայության:

Էրիկը ծառայում էր Ֆիզուլիի զորամասի Հադրութի տանկային վաշտում, Արտակը՝ Մատաղիսում: Զոհվելու նախորդ գիշերը դպրոցական ընկերներից մեկին Արտակը զանգել և խնդրել է հայրենի գյուղի Ղաչաղանի ձորում՝ Ձորագետի ափին, իր վաշտի տղաների քանակով՝ 30 նստատեղով հանգստի տաղավար կառուցել: Արտակի և Էրիկի  հայրերը՝ Արմեն Սուքիասյանը և Արթուր Աբրահամյանը, համատեղ ջանքերով և համագյուղացիների աջակցությամբ Ղաչաղանի ձորում հուշաղբյուր ու 30 նստատեղով հանգստի տաղավար են կառուցել:

Զոհված տղաների հայրերը՝ հուշաղբյուրի մոտ

Արտակի և Էրիկի հուշաղբյուրի մոտ հանդիպեցինք տղաների հայրերին: Նրանք բացատրեցին, որ խմելու ջուր չլինելու պատճառով տղաների հուշաղբյուրը և Արտակի խնդրած հանգստի  տաղավարը Ղաչաղանի ձոր իջնող ճանապարհի եզրին հարող հարթ տարածքում են կառուցել:

Հայրերի խոսքով՝ արևածագցիները ինչով կարողացել, օգնել են իրենց: Արմեն Սուքիասյանի պատմելով՝ որդին՝ Արտակը, հպարտությամբ էր ծառայում բանակում: Ծառայության ընթացքում Արտակը երբևէ չէր դժգոհել բանակային կյանքի դժվարություններից, սննդից, դիրքեր գնալուց: 

«Չի բողոքել տղաս: Երբ զանգում էր, ասում էր ամեն ինչ «ցենտր է» [ընտիր -խմբ․]: Ուզում էր ասել՝ մտահոգվելու կարիք չկա: Ուղղակի բարի բախտ չունեին մեր երեխեքը: Պատերազմը ընդհատեց նրանց երազանքները: Ուզում ենք, որ  մարդիկ մեր կառուցած այս տաղավարում միմյանց երջանկություն և երկար կյանք մաղթեն, ինչը չապրեցին մեր որդիները»,- ասում են երկու հայրերը: 

Հայրերը՝ տղաների հիշատակին կառուցված տաղավարում

Արմեն Սուքիասյանն ասում է՝ պատերազմի սպառնալիքից որդու համար միշտ անհանգիստ է ապրել: 

«Եղե՞լ է, որ տղաները ձեզ բարկացրել են»,-հարցրի: «Հա, ոնց չի եղել, որդուս համար մի անգամ ծնող էին կանչել դպրոց: Դպրոցական երեխա էր, ինչ պետք է աներ, դասից փախել էր: Իհարկե, վատ էի զգում: Հատուկ ինձ էին կանչել: Երևի կազմակերպիչը ինքն էր եղել: Դրանից հետո Արտակը այլևս այդ արարքը չի արել»,- հիշում է հայրը: 

Արտակը փոքր տարիքից հոր բեռնատար ավտոմեքենայով Արևածագի դաշտերից գյուղացիների կարտոֆիլն է տեղափոխել: «Մեկ, երկու անգամ կողքին նստել եմ, բեռնատարը քշել է, հետո  թողել եմ իր շնորհքին: Վարժվել էր»,- պատմում է Արմենը:

«Երբ  մեքենան երևում էր դաշտի ճանապարհին, կարտոֆիլ հավաքող կանայք գոռում էին. «Ավտոն գալի՜ս է, ավտոն գալի՜ս է»: Ավտոն գալիս էր, բայց վարորդն այնքան փոքր էր, որ չէր երևում ավտոմեքենայի մեջ: Մի քիչ հետո փոքր Արտակը ծիծաղելով՝ ավտոյից  հանում էր գլուխը»․ սա Արտակի մոր՝ Անահիտի հիշողություններից է որդու մասին:

Ձորագետը

Արևածագցիները տարածաշրջանում հայտնի են որպես հողի անխոնջ մշակներ. Էրիկը շատ էր սիրում հողի հետ աշխատել, հաճույքով էր աշխատում տրակտորով: Հայրը Էրիկին հողի հետ աշխատել հատուկ չէր սովորեցրել: Տեսնելով, որ հայրը  հողի վրա աշխատելով  է ընտանիք պահում, Էրիկը այդ ուղիով էր գնացել:

Էրիկը հոր հետ հեռախոսով գրեթե ամեն օր է խոսել, գյուղից է հարցուփորձ արել, պատերազմից խուսափում էր խոսել: Էրիկը պատերազմում կռվել է 20 օր, զոհվել է հոկտեմբերի 17-ին: Արտակը  զոհվել է հոկտեմբերի 11-ին՝ զորամասի դիրքերի հրետակոծության արդյունքում։

Ընկերները հուղարկավորված են հայրենի գյուղի գերեզմանոցում՝ կողք կողքի: Հուլիսի 7-ին ընկերներն ավարտելու էին ծառայությունը։ Գյուղն ու ծնողները հուլիսի 7-ին սպասելու են Էրիկի և Արտակի վերադարձին: 

«Վերադարձից հետո Արտակին հարսանիք էինք անելու՝ հավանած աղջիկ ուներ,- ասում է Արմեն Սուքիասյանը: – Մի քանի անգամ Էրիկին հարցրել եմ՝ սիրած աղջիկ ունի, թե ՝չէ: Ասել է՝ չունեմ: Բայց կարող է մտքում ունեցել է, ամաչել է ինձ ասել»,- ասում է հայրը: 

Ղաչաղանի ձորը

Արևածագից Արտակի և Էրիկի  հուշաղբյուր գնացող ճանապարհը անանցանելի է եղել: Երկու հայրերը համագյուղացիների օգնությամբ բարեկարգել են այն: Արևածագից Ղաչաղանի ձորով Ձորագետ իջնող ճանապարհը 4 կմ է: Այն անբարեկարգ և անանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար:  Եթե Արևածագից Ձորագետ գնացող ճանապարհը բարեկարգվի, Ղաչաղանի ձորը կդառնա հանգստի և զբոսաշրջության կենտրոն: 

«Այս ձորում՝ Ձորագետի ափին է անցնում մեր ապագա զինվոր երեխաների  մանկությունը: Ուզում ենք նրանց մանկության ճամփան դեպի բնություն և դեպի Ձորագետ  հարթ լինի»,- ասում են որդեկորույս հայրերը: 

Մեր առջև փռված էր Ղաչաղանի անկրկնելի ձորը: Շոգ էր, կեսօրի այրող արևից ձորը մրափում էր: Ձորի խորքից լսվում էին դեպի Ձորագետ՝ լողանալու շտապող Արևածագի տղաների աշխույժ զրույցի արձագանքները: Այդպես տարիներ առաջ ամռան տապին ձորով Ձորագետում լողալու էին գնում հայրենիքի համար նահատակված Էրիկն ու Արտակը: 

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի