Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Հաղորդագրությունում նշվում է, որ Պուտինը Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման և դրանցում արձանագրած հաղթանակի կապակցությամբ:

«Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին: Տվյալ համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից ընդգծվել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը»,- հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Երեկ՝ հունիսի 23-ին, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ալիևի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցում կողմերը քննարկել էին տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։