Մարդիկ ամեն օր հարակիրի են անում՝ վերացնելով մեր մոլորակը. Սերժ Թանգյան

Որպես վերջին քսան տարվա ընթացքում ամենահաջողակ ռոք խմբերից մեկի՝ System of a Down-ի մենակատար՝ Սերժ Թանգյանը կարող էր պարզապես հանգստանալ և վայելել դափնիները, սակայն նա այն մարդկանցից չէ, որը բավարարվում է ձեռքբերվածով. էկլեկտիկ երաժշտությունն ու ստեղծագործական էներգիան շարունակում են բխել այս երգչից:

«Կորնուկոպիա» կամ «Առատության եղջյուր». այսպես է կոչվում Թանգյանի նոր ալբոմի առաջին երգը:

Loudwire.com կայքի հետ զրույցում Թանգյանը խոսել է իր նոր «Հարակիրի» ալբոմի, «Նվաճիր Ուոլ-սթրիթը» շարժման և ռեալիթի հեռուստատեսության մասին:

Պատասխանելով ալբոմի անվան մասին հարցին՝ Թանգյանն ասել է, թե «մեր մոլորակում բնակվող մարդկային էակներն ամեն օր հարակիրի են անում՝ ենթագիտակցաբար թունավորելով մեր տունը՝ մեր մոլորակը»: Թանգյանը պատմել է, որ ալբոմը նման կերպ կոչելու պատճառ է հանդիսացել, մասնավորապես, 2011թ. թռչունների ու ձկների զանգվածային վերացումն աշխարհով մեկ: Հենց այդ ժամանակ է անվանի ռոք երգիչը գրել իր առաջին երգը, որից հետո մեկը մյուսի հետևից ծնվել են մյուս ստեղծագործությունները:

Ինչ վերաբերում է «Նվաճիր Ուոլ-սթրիթը» շարժմանը, ապա, ըստ Թանգյանի՝ ամերիկյան պատմության մեջ այն շատ կարևոր է. մարդիկ, դուրս գալով փողոց, ընդդիմանում են գլոբալիզմ կոչվող տնտեսական համակարգին, որը վերջին 40 տարվա ընթացքում վնասել է մարդկությանն ու շրջակա միջավայրին: «Եկել է փոփոխության, իսկական փոփոխության ժամանակը»,- ասել է System of a Down-ի մենակատարը:

Իսկ ինչպես է Թանգյանը բողոքում ռեալիթի շոուների դեմ (նկատի ունենալով Reality show երգը) այն դեպքում, երբ Ամերիկայում System of a Down խմբից ավելի հայտնի է ռեալիթի շոուի հաղորդավարուհի Քիմ Քարդաշյանը: Այս առիթով Թանգյանը հիշել է ժամանակին իրեն ուղղված այն հարցը, թե կարելի՞ է արդյոք ռեալիթի հեռուստատեսությունը որակել որպես «մշակութային հարակիրի»: Ըստ երգչի՝ այս սահմանումն ավելի շատ վերաբերում է այն հասարակությանը, որը նման հեռուստատեսության պահանջ ունի, քան բուն շոուների մասնակիցներին:

Հարցազրույցի վերջում Սերժ Թանգյանը տեղեկացրել է, որ իր սոլո ալբոմի պրոմո ելույթները տեղի կունենան սեպտեմբերին ԱՄՆ-ում և, հավանաբար, նոյեմբերին՝ Եվրոպայում: Ինչ վերաբերում է համաշխարհային շրջագայությանը, ապա Թանգյանը այն նախատեսում է իրականացնել հաջորդ տարի:

Մեկնաբանել