Ընդդիմությունը, արդյունքները ընդունելով, վիճարկում է, վիճարկելով՝ ընդունո՞ւմ

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո ընդդիմությունը, հատկապես խորհրդարան անցնողները հանդես են եկել անհասկանալի դիրքերից։ Մի կողմից, ինչպես «Հայաստան», այնպես էլ «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարում են, որ եղել են զանգվածային խախտումներ, ճնշումներ իրենց ներկայացուցիչների նկատմամբ, դրանք գրանցվել են ինչպես ընտրությունների նախօրեին, այնպես էլ բուն քվեարկության օրը, բայց մյուս կողմից, չեն շտապում հաստատակամ հայտարարել, որ բողոքարկելու են արդյունքները։

Ավելին՝ Ռոբերտ Քոչարյանը ու Արթուր Վանեցյանը վերջին ասուլիսներին հիմնականում խոսում էին ոչ թե հանրային ճնշման և իրավական ճանապարհով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, այլ խորհրդարանի պատերից ներս պայքարի մասին։

Վճռական ընդդիմությունն այդպիսին չի լինում, ընդդիմությունը, որն ունի արձանագրած տասնյակ կամ հարյուրավոր ընտրատեղամասերում խախտումներ, նման պասիվություն պարզապես չի դրսևորում։ Ռոբերտ Քոչարյանն ու Արթուր Վանեցյանը հիմնականում նույն թեզն են հնչեցրել՝ իրենց իրավաբաններն աշխատանքներ են տանում և հետագայում ավելի հստակ դիրքորոշում կհայտնեն։

Սա առնվազն վստահություն չներշնչող արդարացում է՝ մի պարզ պատճառով․ եթե նրանց վստահված անձինք ընտրատեղամասերում գտել են կոպիտ խախտումներ ու այդ մասին նշել արձանագրություններում, ապա դժվար չէ հանրությանը տրամադրել առնվազն տվյալներ խախտումների քանակի մասին։

Ռոբերտ Քոչարյանը թերևս լավ գիտի՝ ինչպես է ընդդիմությունը պայքարում, երբ ունի համոզմունք ու ապացույցներ զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ։ Երկրորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում այդպիսի կոշտ հակազդեցություն եղել է։

2003 թվականին երկրորդ փուլով ՀՀ նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը՝ անցնելով ընդդիմության հիմնական թեկնածու Ստեփան Դեմիրճյանից։ Ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը չընդունեց ու անցավ կոնկրետ գործողությունների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկելով խախտումների մասին ավելի քան 300 արձանագրություն։ Բացի այդ, եվրոպացի դիտորդները կոշտ գնահատականներ էին հնչեցնում, ինչը չես ասի 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։

Դեռ պաշտոնական արդյունքները հայտնի չդարձած՝ Ստեփան Դեմիրճյանը սկսեց ցույցեր, որոնք տարբեր ուժգնությամբ շարունակվեցին մինչև 2004-ի ապրիլի 9-ը․ այդ ընթացքում պարբերաբար բերման էին ենթարկվում ու ձերբակալվում և՛ ցուցարարներ, և՛ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ: Այս ամենի կիզակետը եղավ 2004-ի ապրիլի 13-ին Բաղրամյան պողոտայում ցույցը դաժան ցրելու գործողությունը։ Պետք չէ մոռանալ նաև 2008-ի նախագահական ընտրությունների մասին։

Հիմա պատկերն այլ է, ընդդիմությունը չի ներկայացնում հստակ խախտումների մասին արձանագրություններ, չի փորձում որևէ կերպ հանրային ճնշման միջոցով հասնել արդյունքների չեղարկման, իսկ անկախ դիտորդները հենց Ռոբերտ Քոչարյանի ու Արթուր Վանեցյանի թիմն են մեղադրում խախտումներ կատարելու և մարդկանց վրա ճնշումներ գործադրելու համար։

Իսկ հիմա, ըստ էության, ինչ է այս իրավիճակի մասին ասում օրենսդրությունը.

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո՝ 7-րդ օրը, կազմում է արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ (Ընտրական օրենսգիրք, 75-րդ հոդված),
  • Ընտրության արդյունքները կարող են բողոքարկվել և վարչական, և դատական կարգով (Ընտրական օրենսգիրք, 48-րդ հոդված),
  • Ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները Սահմանադրական դատարան դիմում կարող են ներկայացնել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 5-րդ օրը (Սահմանադրական դատարանի մասին օրենք, հոդված 77),
  • ՍԴ-ն որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո (Սահմանադրական դատարանի մասին օրենք, հոդված 77),
  • Մանդատները բաժանվում են՝ ըստ ցուցակի հերթականության՝ հաշվի առնելով սեռերի ներկայացվածությունը, եթե թեկնածուն հրաժարվում է մանդատից, այն տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին։ Եթե ընտրական ցուցակի առաջին մասում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր (Ընտրական օրենսգիրք, 100-րդ հոդված),
  • 2015-ին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք փոխված ՀՀ սահմանադրությունը չի նախատեսում այնպիսի իրավիճակ, երբ ընդդիմադիր ուժերի մանդատների հրաժարման դեպքում կարող է լինել երկրորդ փուլ, ընդհակառակը, երկրորդ փուլի համար Սահմանադրությունը միայն մեկ նախապայման է առաջ քաշում, այն է՝ «Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ» (ՀՀ սահմանադրություն, 89-րդ հոդված),
  • Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքերում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը (Ազգային ժողովի կանոնակարգ օրենք, հոդված 32)։ Ազգային ժողովը կազմավորված է համարվում այն ժամանակ, երբ ԿԸՀ-ն հանձնում է մանդատները։

Այսպիսով, ԿԸՀ-ն արդյունքներն ամփոփելու է քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը՝ հունիսի 27-ին, կուսակցություններն ու դաշինքները Սահմանադրական դատարան դիմում կարող են ներկայացնել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ հինգերորդ օրը, մինչև ժամը 18։00-ն, այսինքն՝ մինչև հուլիսի 2-ը։

Եթե ՍԴ բողոքարկում տեղի չունենա, ապա ԱԺ-ի առաջին նիստը կլինի հուլիսի 5-ին։

Եթե բողոքարկեն, ՍԴ-ն որոշում է ընդունելու դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։ Կախված ՍԴ-ի որոշումից՝ պարզ կլինի՝ երբ է լինելու ԱԺ առաջին նիստը կամ էլ լինելու է այս ամռանն ընդհանրապես, թե՝ ոչ։

Մեկնաբանել