Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Էդմոն Մարուքյանի և Գագիկ Ծառուկյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 25-ին, հանդիպումներ է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

Արմեն Սարգսյանն հանդիպումների ընթացքում ընդգծել է կուսակցությունների դերը երկրի քաղաքական կյանքում։ Նախագահը կարևոր է համարել կուսակցությունների քաղաքական փորձն ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելը և համոզմունք հայտնել, որ որպես արտախորհրդարանական ուժեր «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» կշարունակեն իրենց ակտիվ ներգրավվածությունը ունենալ քաղաքական գործընթացներում:

Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանն ասել է․ «Գնահատելի է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ կուսակցության արտահայտած կառուցողական դիրքորոշումը։ Հույս ունեմ, որ նոր խորհրդարանում ներկայացված չլինելը չի ազդի կուսակցության քաղաքական գործունեության և ակտիվության վրա»։

ԼՀԿ ղեկավարի հետ հանդիպման արդյունքների մասին հաղորդագրությունում ասվում է․ «Նշվել է, որ «Լուսավոր Հայաստան»-ը մեկն էր այն քաղաքական ուժերից, որ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար ի սկզբանե պաշտպանեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարը, ինչը կարևոր որոշում էր պետության կայունության ու ապագայի տեսանկյունից: Խոսելով իրենց առաջիկա ծրագրերի մասին՝ Էդմոն Մարուքյանը մասնավորապես ասել է, որ «Լուսավոր Հայաստան»-ը շարունակելու է ներկայացնել ու պաշտպանել իրենց դավանած արժեքներն ու գաղափարները»:

Մեկնաբանել