Դառը դասեր և դառը ճշմարտություններ ընտրություններից հետո

Այսօր վերջնական հետադարձ հայացք կնետենք հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին և դրան հաջորդած մի քանի օրերին։ Ընտրություններում, ինչպես գիտեք, գրանցվեցին հետևյալ արդյունքները՝ Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիրը ստացավ ընտրողների քվեների գրեթե 54 տոկոսը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը՝ 21 տոկոսից քիչ ավելի։ Խորհրդարան մտնող երրորդ ուժը դարձավ ձայների հինգ տոկոսը ստացած Պատիվ ունեմ դաշինքը, որն էականում ՀՀԿ-ն է, այժմ՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։ Այս երեք ուժերը ներկայացված կլինեն խորհրդարանում, ըստ օրենսդրության, առաջիկա հինգ տարիներին։ 

Ընտրություններին հաջորդեցին հետընտրական հանդիպումներ և մամուլի ասուլիսներ։ Ընտրության հաջորդ օրը վարչապետը հանդիպում անցկացրեց հրապարակում, որտեղ հանդես եկավ իր սովորական ցուցադրական խիզախությամբ ու ընդդիմությանը միասնության և միասին աշխատելու ձեռք մեկնեց, ինչը մեծ հաշվով հաշտեցման կոչ էր։ Հաջորդ օրը տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Նա բողոքեց ընտրություններում գործող իշխանության կողմից վարչական ռեսուրսի օգտագործումից, մեկնաբանեց, որ այն ոգևորությունը, որ նա տեսել էր իր քարոզարշավի ժամանակ, ուղիղ համեմատական չէր իր կուսակցության ստացած ձայներին։

Գործնականում նա կարծես ընդունեց արդյունքները՝ ասելով, որ իր դաշինքը կներկայանա խորհրդարանում, սակայն հստակեցրեց, որ անձամբ նպատակ չունի խորհրդարանում ներկա լինել։ Սա կարող է հետագայում խնդիր դառնալ, քանի որ ինքն անձամբ կուսակցության դեմքն էր, և դաշինքի հավաքած ձայները նրա շնորհիվ էին։ Քոչարյանը վերագրեց իր դաշինքի գրանցած արդյունքը՝ երկրորդ տեղը, այն փաստին, որ ընտրողները քվեարկում էին նախկին երեք նախագահների իշխանության ժամանակ իրենց ունեցած վատ հիշողությունների դեմ։ Կարծում եմ՝ այստեղ ճշմարտության տարր կա, որովհետև այս ընտրությունները ներկա իշխանության օրհնության կամ մանդատի մասին չէին, այլ նախկին իշխանության մերժման և դրանց մասին ժողովրդի ունեցած հիշողության։

Շատ դժվար էր դիտել նրա մամուլի ասուլիսը և չհանգել եզրահանգման, որ նա, լինելով լուրջ քաղաքական գործիչ, այս երկրի քաղաքական զարգացման գործում կարող է իր ներդրումն ունենալ։ Սակայն ինձ համար պարզ էր, որ նա մեկն է, որը ժողովրդավարական համակարգից չի դուրս եկել և չի ընմբռնում, թե ինչպես են աշխատում ժողովրդավարական ընտրությունները։ Ես կարծում եմ՝ նրա մոլեգին քննադատները թերագնահատում են, թե ինչ պատմություն ու փորձ Քոչարյանը կարող է բերել, եթե կամենա ներգրավվել ու մեր քաղաքական համակարգում արդյունավետ ուժ դառնալ։

Որպես քաղաքական դիտորդ՝ վարչապետին նայելով, դժվար է չտպավորվել նրա կատարողականով։ Ես երբեք չէի սպասում, որ նա այդքան ձայն կստանա։ Նա ունի քաղաքական տաղանդ՝ պատերազմում պարտությունից ութ ամիս անց նման տարբերությամբ ժողովրդավարական ընտրություններում հաղթանակ տանել։ Սա խոսում է, որ նա բնազդաբար հասկանում է՝ թե ինչն է կարևոր մարդկանց համար, հասկանում է փողոցի քաղաքական տրամադրությունները։ Սակայն այս ամենը ցուցիչ չէ, որ դու լավ մենեջեր ես կամ կարող ես լավ վարչապետ լինել։ Այն ընդամենը վկայում է, որ դու շատ լավ քաղաքական հոտառություն ունես։

Հետընտրական այս շրջանում ինձ համար աչքի ընկած բաների շարքում հայկական սփյուռքում շատերի արձագանքն է, մասնավորապես այս ընտրության արդյունքներին։ Նկատի ունեմ սփյուռքում շատերից եկող անհանգստացնող տողերը։ Մարդիկ, որոնք հիասթափվել են ընտրությունների արդյուքներից, ինչը հասկանալի է, ունեն իրենց նախընտրելի կողմերը։

Սակայն սա արագ գահավիժելով՝ իջել է հետևյալ մակարդակին՝ մարդիկ այստեղ հիմար են, չգիտեն․ «Ինչն է իրենց համար լավ, մենք իրենցից ավելի լավ գիտենք՝ ինչն է իրենց համար լավ։ Անկեղծ ասած՝ սա շատ իգնոռանտ/անտեղյակ /տգետ մոտեցում է և ոչնչով չի օգնում»։ Ինչ որոշում էլ կայացնեն այստեղ մարդիկ, իրենք են ապրելու այդ որոշման հետևանքներով։ Դու կարող ես քո կարծիքն ունենալ մարդկանց կայացրած որոշումների իմաստնության վերաբերյալ, բայց իրավունք չունես դատապարտող լինել։ 

Սա ավելի բացասական երանգ է ստացել, մարդիկ սկսել են թութակել ադրբեջանական տրոլաբուծական ֆերմաներին, որոնք սովորաբար ադրբեջանցի ակտիվիստներին են հալածում, իսկ այժմ անցել են հայկական քաղաքական կյանքին առցանց տիրույթում միջամտելուն։ Այս վճարովի տրոլերից ընտրություններից հետո հնչում էր այն, որ ադրբեջանցիները աջակցում են վարչապետին։ Մարդիկ չեն գիտակցում, որ նրանք նույնը կանեին բոլորի հանդեպ, ով էլ հաղթեր ընտրություններում, որովհետև նրանց նպատակը մեր քաղաքական համակարգում քաոս սերմանելն է։ Շատ անհանգստացնող է այն, որ հայերը, հատկապես իրենց ազգայնական անվանողները, այս տրոլերի տողերն են մեջբերում՝ իրենց ասածն ապացուցելու համար։ Պետք չէ այդ տրոլերին, որոնք զրոյական գործոն են մեր քաղաքականության մեջ, տալ վստահելիություն, որին նրանք արժանի չեն։ 

Ժամանակն է որոշ համեմատական պատմության։ 1993-ին, երբ Ադրբեջանը պարտվում էր Արցախյան առաջին պատերազմում, նրանք մի կողմ դրեցին իրենց ժողովրդավարությունն ու իշխանության բերեցին նախկին ԿԳԲ գործակալի, որն իր կարիերան Ստալինի օրոք էր սկսել կառուցել։ Իշխանության գլուխ անցավ Հեյդար Ալիևն ու նրա ընտանիքը։

28 տարի և մեկ քառորդ տրիլիոն դոլար նավթային եկամուտից հետո Ադրբեջանի ժողովուրդը ամենաաղքատն է Կովկասում համախառն ազգային արդյունքով։  

Ավելին, նրանք իրականում կովկասում քաղաքականապես ամենաքիչ ազատ ժողովուրդն են։ Նրանք հպատակն են մի ղեկավարի, որը երբեք որևէ ժողովրդավարական ընտություններում չի հաղթել և երկիրը ղեկավարում է ինչպես սուլթան։ Ի տարբերություն դրա՝ Արցախյան երկրորդ պատերազմում պարտություն կրելուց ութ ամիս անց հայերը աշխարհին հավաքական միջնամատ ցույց տվեցին, և նրանց ասածը հետևյալն էր՝ մենք պարտվել ենք պատերազմում, բայց չենք հանձնի մեր ժողովրդավարությունը և ազատությունները, և արեցինք դա՝ ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրությունների միջոցով։

Կարող ենք տարակարծիք լինել ընտրություններում հաղթողների ու պարտվողների վերաբերյալ, սակայն մեր ժողովուրդը չի գնվում, մեզ չեն թելադրում։ Եթե ատում ես Հայաստանը և չես ուզում, որ այն ապագա ունենա, դու կուզես՝ այս երկիրը ղեկավարվի քաղաքական ավտոկրատների կողմից, իսկ տնտեսությունում գերիշխեն օլիգարխները։ Եթե սիրում ես Հայաստանը, դրա հակառակն ես ուզում։

Որպես ամփոփում՝ ճիշտ է, որ ազատ ժողովուրդը կարող է սխալներ գործել։ Ազատ ժողովուրդը կարող է որպես առաջնորդ ընտրել հիմարի կամ միջակության, կամ կարող է ընտրել համաշխարհային պատմական գործիչների։ Մենք այս ամենը տեսել ենք տարբեր երկրների ժողովրդավարական զարգացման ընթացքում։

Տարբերությունն այն է, որ երբ ազատ ժողովուրդը սխալ է գործում, նրանք իրավունք ունեն այն ուղղելու։ Սակայն եթե երկիրը խմի ավտորիտարիզմի թույնը, դրան հաջորդող երկար ու վայրիվերումներով լի ճանապարհը կարող է ունենալ իր վերելքները, բայց կարող է ունենալ մեկ ավարտ, ինչպես մեզ պատմությունն է ցույց տալիս՝ դժոխքի յոթերորդ շրջանում։  

Շնորհակալություն մեզ միանալու համար։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի