Հույս ունենք, որ ընտրություններից հետո Հայաստանը կգնա խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների կգնա։ Ադրբեջանի նախագահի խոսքերը փոխանցում է Moscow-baku.ru-ն։

«Հայաստանի կառավարությունն անտեսում է խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ մեր ցանկացած հայտարարություն։ Սակայն, չի բացառվում, որ նախընտրական իրավիճակը չի նպաստել նման հայտարարություններին։ Բայց հիմա, Հայաստանում ընտրություններից հետո, մենք դրական պատասխան ենք ակնկալում»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահ հերթական անգամ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է և բանակցությունների անհրաժեշտություն չկա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը պարզապես հրադադարի մասին համաձայնագիր չէ, ինչպես փորձում են ներկայացնել որոշ միջազգային քաղաքական գործիչներ։ Յուրաքանչյուրը, ով կծանոթանա այդ փաստաթղթին, կտեսնի, որ խոսքը ոչ միայն հրադադարի, այլև շատ այլ հարցերի մասին է։ Մենք պետք է մտածենք հետկոնֆլիկտային իրավիճակի մասին»,- նշել է Ալիևը։

Մեկնաբանել