Կանադան հատուկ բանագնաց է նշանակել Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու համար

Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գառնոն (Marc Garneau) հայտարարել է, որ Գերմանիայում Կանադայի դեսպան և Եվրոպական Միությունում ու Եվրոպայում հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնը առաքելություն կստանձնի ուսումնասիրելու Կանադայի հնարավորությունները՝ Հայաստանի ժողովրդավարությանն ավելի լավ աջակցելու համար:

«Հենվելով վերջին տարիների համատեղ աշխատանքի և մեր երկրների միջև մարդկային վաղեմի կապերի վրա՝ Կանադան հավատարիմ է Հայաստանի հետ համագործակցությանը՝ նրա հետագա ժողովրդավարական առաջընթացի համար, ինչը վճռորոշ նշանակություն ունի ոչ միայն հայ հասարակության, այլև տարածաշրջանի համար։ Հատուկ բանագնաց Դիոնը կուսումնասիրի տարբերակները, թե ինչպես Կանադան կարող է խրախուսել Հայաստանի քաղաքացիական հասարակության ընթացիկ ջանքերը, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, ընդլայնել Հայաստանի փոխգործակցությունը բազմակողմ ինստիտուտների հետ և նպաստել ներառական տնտեսական աճին: Նպատակն այն է, որ այս առաքելության արդյունքում կանադական հասարակության աջակցությունը՝ ի շահ հայկական ժողովրդավարության, էապես ամրապնդվի»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարությունում։

Ըստ Կանադայի ԱԳՆ-ի՝ Ստեֆան Դիոնի աշխատանքը կտևի մի քանի ամիս և կներառի վիրտուալ խորհրդատվություններ Կանադայի մի շարք շահագրգիռ կողմերի և Հայաստանի գործընկերների հետ: COVID-19-ի պայմաններում ուղևորության կարելիության դեպքում՝ նա նաև կմեկնի Հայաստան՝ հանդիպելու ՀՀ կառավարության և առանցքային գերատեսչությունների բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև գործընկեր դեսպանություններին, քաղաքացիական հասարակության խմբերին, միջազգային կազմակերպություններին, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և տեղական լրատվամիջոցներին: Նա կհանդիպի նաև խորհրդարանի անդամների և Կանադայի կողմից ֆինանսավորվող խորհրդարանական կենտրոնի նախագծին մասնակցող պետական ծառայողների հետ:

Ստեֆան Դիոնը

«Այս առաքելությունն ընդգծում է այն կարևորությունը, որ Կանադան տալիս է հայկական ժողովրդավարության հաջողությանը։ Հատուկ բանագնացն իր եզրակացությունների մասին կտեղեկացնի նախարար Գառնոյին առաքելության ավարտից հետո: Այն առաջարկություններ կներառի Հայաստանի հետ Կանադայի ապագա փոխգործակցության ուղղությունների վերաբերյալ՝ նրա ժողովրդավարական նպատակների հետագա իրականացման համար»,- նշվում է հաղորդագրությունում։

«Հայաստանում ուժեղ ժողովրդավարությունը տարածաշրջանում կայունության հիմնաքարերից մեկն է։ Հատուկ բանագնաց Դիոնը միշտ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարական հաջողությունների նկատմամբ, և ժողովրդավարական զարգացման նրա խորը ըմբռնումը վկայում է, որ նա լավ կծառայի կանադացիներին այդ առաքելության գործում»,- ասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գառնոն։